Կուրիլյան կղզիների և ռուս-ճապոնական խաղաղության հարցը այսօր Մոսկվայում քննարկելու են երկու երկրների արտգործնախարարները:
Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տարո Կոնոն Մոսկվա է ժամանել կիրակի օրը, և նույն օրն արձանագրվել է դեռ չսկսված բանակցությունների առաջին սկանդալը:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թվիթերի իր էջում գրել է, որ ճապոնական կողմը խնդրել է չանցկացնել բանակցություններից հետո ավանդական մամուլի ասուլիսը: «Մի կողմից՝ Ճապոնիան լարում է ինֆորմացիոն մթնոլորտը ռուս-ճապոնական բանակցությունների և Կուրիլյան կղզիների շուրջ, մյուս կողմից էլ հրաժարվում է մամուլի ասուլիս անցկացնել Մոսկվայում և հայտնել, թե ինչով են ավարտվել Կուրիլյան կղզիների շուրջ բանակցությունները», - գրել է Զախարովան:
Վերջին երկու ամիսներին ճապոնական և ռուսական մամուլը գրում է այն մասին, որ Մոսկվան և Տոկիոն կարծես թե պայմանավորվել են Կուրիլյան կղզիներից երկուսի շուրջ: Հղում անելով Ճապոնիայի իշխանություններին՝ մամուլը գրում է, որ Տոկիոն խոստացել է՝ եթե Մոսկվան համաձայնի վերադարձնել երկու կղզիները, Ճապոնիան այնտեղ չի տեղակայի ամերիկյան ռազմական բազաներ: Ճապոնիայի իշխանությունները նույնիսկ հայտարարել են, որ այդ կղզիների բնակիչները կարող են մնալ կղզիներում:
Ռուսաստանի իշխանությունները հերքում են, որ պայմանավորվել են Կուրիլյան կղզիների շուրջ, իսկ Պետդումայի մի խումբ պատգամավորներ օրինագիծ են ներկայացրել, որով արգելվում է ցանկացած պարագայում Ճապոնիային վերադարձնել Կուրիլյան կղզիները:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ժամանակ Ճապոնիան՝ որպես ֆաշիստական Գերմանիայի դաշնակից, պատերազմում էր թե՛ Խորհրդային Միության և թե՛ Միացյալ Նահանգների դեմ, ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև չի ստորագրվել խաղաղության պայմանագիր՝ խնդիրը Կուրիլյան կղզիներն էին: Այսօր էլ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև չկա խաղաղության պայմանագիր, սակայն 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր վերջապես կնքել այդ պայմանագիրը, և բանակցությունների շուրջ սկսվել է իսկական ինֆորմացիոն պատերազմ: