Մատչելիության հղումներ

«Կարծում ենք, որ ընդդիմադիր փոխխոսնակի տեղում մեր առաջադրումը շատ լեգիտիմ է և շատ հիմնավոր». Էդմոն Մարուքյան


«Մենք կարծում ենք, որ ընդդիմադիր փոխխոսնակի տեղում մեր առաջադրումը շատ լեգիտիմ է և շատ հիմնավոր», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են անպայման ուզում ստանալ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «ի վերջո տրամաբանական չէ՞, որ երկրորդ խոշոր ուժը ստանա այդ պաշտոնը և, ի վերջո, եթե այդպես է, ապա ինչո՞ւ չեն պահանջում, որ «Իմ քայլը» երկու տեղակալներից մեկի պաշտոնը զիջի իրենց»։

Մարուքյանն ընդգծեց՝ գոյություն ունի Սահմանադրություն, իսկ Սահմանադրությունն ասում է, որ խորհրդարանի խոսնակներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցություններից, և չի ասվում, որ խոշոր ընդդիմադիր խմբակցությունից, ամենաշատ ձայնը ստացած ընդդիմադիր խմբակցությունից։

«Մյուս կարևոր բառը դա «ընտրվում է»-ն է։ Սա ավտոմատ գործընթաց չէ, պետք է ընտրվի այդ մարդը, քաղաքական մեծամասնությունն է, որ այս իրավիճակում պետք է որոշում կայացնի, թե որ ուժի ընդդիմադիր փոխխոսնակին ընտրի: Ես որ լինեի իրենց փոխարեն, ես ազատ կթողնեի պատգամավորներին, և փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորները թող որոշեին, թե ով կլինի ավելի լավ փոխխոսնակ իրենց համար, բայց ես տեսնում եմ, որ ազատ չեն թողնելու և ասում են, որ չէ, տրամաբանական է այսպես, հետևաբար պետք է հրահանգավորվեն պատգամավորները և ասվի, որ գնացեք, քվեարկեք ԲՀԿ-ի օգտին։ Ես ասել եմ հետևյալը, որ եթե «Իմ քայլը» դաշինքը շատ է ցանկանում, որ ԲՀԿ-ի կողմից ընտրվի փոխխոսնակ, իրենք կարող են տարբեր փոխխոսնակներ ունենալ տարբեր ուժերից, այսինքն՝ երեք փոխխոսնակ ունեն՝ մեկը լինի իրենցից, մյուս երկուսը՝ մյուս ուժերից, մենք դեմ չենք, որ ԲՀԿ-ից էլ լինի փոխխոսնակ, բայց մենք կարծում ենք, որ ընդդիմադիր փոխխոսնակի տեղում մեր առաջադրումը շատ լեգիտիմ է և շատ հիմնավոր», - ասաց ԼՀԿ պատգամավորը։

Մարուքյանը նշեց, որ նոր Հայաստանում, հետհեղափոխական Հայաստանում ԼՀԿ-ն ընդդիմություն է։

«Մենք այնպիսի ընդդիմություն պետք է լինենք, որ քաղաքական համակարգն առողջ աշխատի։ Եթե մենք մի տեղ կաղանք, եթե մենք մի տեղ լռենք, եթե մենք մի տեղ աչք փակենք, դա վնաս է հասցնելու հենց գործող իշխանությանը և գործող իշխանության քաղաքական առողջությանը։ Հետևաբար, մեր առաքելությունը մենք շատ ենք կարևորում և ուզում ենք, որ մարդիկ՝ մեր քաղաքացիները ճիշտ հասկանան՝ ցանկացած մեր քննադատություն, որն ուղղված է իշխանությանը, վարչապետին, գործող կառավարությանը, ապագա կառավարությանը, ով էլ որ նա կլինի, դա, միանշանակ իմացեք, միայն ու միայն համակարգի առողջ աշխատանքի համար է», - ասաց պատգամավորը։

Հարցին, թե ո՞րն է լինելու ներազդելու իրենց լծակը, Մարուքյանը պատասխանեց. - «Այ դա շատ կարևոր է, մեր լծակը մեր ունեցած 18 մանդատներն են, մեր լծակը լիազորություններն են սահմանադրական, բայց ակնհայտ է, չէ՞, որ մենք մեր 18 քվեարկությամբ, օրինակ, չենք կարող օրենքներ ընդունել ու անցկացնել, այսինքն՝ մեր լծակն առաջինը մեր ձայնն է, որ մենք հնչեցնելու ենք»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG