Մատչելիության հղումներ

26-ամյա արարատցին կալանավորվել է զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքով


Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամ, մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 26-ամյա բնակչին:

Արարատ քաղաքի 31-ամյա բնակիչը Ոստիկանությունում հաղորդում է տվել առ այն, որ հունվարի 5-ին ժամը 23:30-ի սահմաններում Արարատի պոլիկլինիկայի մոտ սպիտակ ավտոմեքենայից կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Ըստ հաղորդման՝ կրակոց արձակողը հանդիսանում է նույն քաղաքի 26-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունում հաղորդում է տվել նաև 31-ամյա արարատցու հայրը՝ նշելով, որ հունվարի 5-ին ժամը 23:30-ի սահմաններում իրենց 26-ամյա հարևանն իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայից ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակել է իրենց ուղղությամբ, որի հետևանքով իր որդին ոտքերի շրջանում ստացել է վնասվածքներ:

Դեպքի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ: Հունվարի 6-ին քրեական գործը ստացվել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում և ընդունվել վարույթ: 31-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են որսորդական հրացանից կրակված երկու հատ պարկուճ և արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, իրականացվել խուզարկություն:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին:

«Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդը, պոլիկլինիկայի տարածքում՝ բազմաբնակարան շենքի բակում, խուլիգանական մղումներով, շրջապատին հակադրվելու և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, այն է՝ իր վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ մոտեցել է բակում հավաքված շուրջ 15-20 բնակիչներին, հրապարակայնորեն սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել նրանց հասցեին: Այնուհետև երիտասարդը, սեփական անձի առավելությունը ընդգծելու ձգտումով, 1987թ. ծնված տղամարդուն կանչել է իր մոտ, իսկ երբ վերջինս սկսել է առաջանալ, երիտասարդն իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանն ավտոմեքենայի վարորդի դռան պատուհանից ուղղել է նրա ստորին վերջույթների ուղղությամբ և անընդմեջ 4 կրակոց արձակել ու դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետևանքով 31-ամյա տղամարդը ստորին վերջույթների և ձախ դաստակի շրջաններում ստացել է հրազենային վնասվածքներ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նա հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում և ձերբակալվել: Հունվարի 10-ին 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG