Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետն ակնկալում է, որ լոռեցի պատգամավորներն ուշադրության կենտրոնում կպահեն մարզի խնդիրները


Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան, արխիվ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան, արխիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով հրաժարվեց Ազգային ժողովի պատգամավորի իր մանդատից և կշարունակի պաշտոնավարումը որպես մարզի ղեկավար, համոզված է՝ Լոռիից տարածքային ցուցակներով խորհրդարան գնացած չորս պատգամավորները կհամագործակցեն մարզային իշխանության հետ և մշտապես ուշադրության կենտրոնում կպահեն մարզի բոլոր տարածքների խնդիրները։

«Տեսեք, Արամը Վանաձորից է, Արտաշեսը՝ Սպիտակից, Արենը՝ Ալավերդուց, Արփին՝ Ստեփանավանից, այսինքն՝ տարբեր տարածքներից են, որը, ինձ թվում է, լավ է, որ էդպես է ստացվել։ Ամեն մեկը գոնե իրենց տարածաշրջանում և հետագայում մարզի մասշտաբով խնդիրներին քաջատեղյակ են լինելու։ Իրենց խնդիրը նաև, բացի էն, որ ընդհանուր՝ մեր կուսակցության, իշխանության, էդ ուղղությամբ պետք է գնան և թիմային աշխատանք կատարեն, նաև մեր մարզը, լավ տեղյակ լինելով, պետք է խնդիրները բարձրացնեն արդեն խորհրդարանում կառավարության առջև, նախարարների առջև ու այդ ձևով, իմ կարծիքով, շատ ակտիվ կաշխատեն, համենայն դեպս ընտրվածների գոնե մի մասը, եթե ոչ բոլորը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անդրեյ Ղուկասյանը։

Լոռու մարզից պատգամավորի մանդատ ստացան «Իմ քայլը» դաշինքի անդամներ՝ նախկին փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, վարչապետի նախկին օգնականներ Արեն Մկրտչյանն ու Արփի Դավոյանը, ինչպես նաև գործարար Արտաշես Պետրոսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուն Վանաձորում մինչև անցած տարվա ամառ փոխմարզպետ Արամ Խաչատրյանն էր, ով արդեն Ազգային ժողովի պատգամավոր է։ Ինչպես նշեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այս տարի կուսակցությունը կձևավորի տարածքային կառույցներ ու խորհուրդներ, տեղի կունենան ընտրություններ, և չի բացառվում, որ ինքն էլ հենց ղեկավարի «Քաղաքացիական պայմանագրի» տեղի կառույցը։

«Ընտրությունով է, դա նշանակովի չի, հետևաբար ես ինքս, բնականաբար, կուզենամ, որպեսզի խորհրդի կազմում ընդգրկված լինեմ տարածքային»,- նշեց Լոռու մարզպետը։

«Ազատության» հարցին՝ նաև որպես խորհրդի նախագա՞հ, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց. - «Չի բացառվում, դա նորմալ է»։

«Բարգավաճ Հայաստանը» Լոռու մարզից տարածքային ցուցակներով ընտրված մեկ պատգամավոր ունի՝ Արթուր Դալլաքյանը։ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն ու «Լոռու զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Հրանտ Այվազյանը, ինչպես նաև երևանաբնակ մի քանի լոռեցիներ ևս պատգամավոր դարձան։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն «Ազատությանն» ասաց, որ դեռևս չեն քննարկել՝ ով կզբաղեցնի ավագանու անդամի թափուր մնացած տեղը, բայց նախատեսում են չթուլացնել ավագանու աշխատանքային տեմպերը։ Ակտիվ կհամագործակցեն պատգամավորի մանդատ ստացած իրենց գործընկերների հետ։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն ասում է, որ իր եղբորը՝ Քրիստ Մարուքյանին չտարավ խորհրդարան, քանի որ փորձում են քաղաքական նոր մշակույթ ձևավորել Հայաստանում՝ դեմ են մոտ հարազատներով միմյանց ենթակայությամբ աշխատելու նախկին ավանդույթին։

«Մենք գտնում ենք, որ երկու եղբայրներով իրար ենթակայությամբ նույն խմբակցության մեջ աշխատելը այնքան էլ ճիշտ չի լինի, և պետք է Հայաստանի քաղաքական մշակույթում նաև էս խնդիրը մենք բարձրացնենք, որ այնպես անենք, որ հնարավորինս նման ենթակայություններով իրար հարազատ մարդիկ չաշխատեն», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Մինչդեռ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրյանը, ում հայրն ու կինը միմյանց ենթակայությամբ աշխատում են չորս աշխատող ունեցող «Լոռու դպրոց» հիմնադրամում, համարում է, որ դա չի հակասում հեղափոխության տրամաբանությանը, և նրանք կարող են իրենց աշխատանքը շարունակել նաև սրանից հետո։

«Հեղափոխության տրամաբանությունը նրա մեջ է կայանում, որպեսզի օրենքներ չխախտվեն, ոչ թե՝ ով ում բարեկամն է, որտեղ է աշխատում, չի աշխատում», - նշեց Արամ Խաչատրյանը։

«Ազատության» հարցին, որ եթե հիմա գործող մարզպետը, կամ Հայաստանի վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանը, իր կնոջը տանի իր աշխատակազմ, ինչպե՞ս կվերաբերվի դրան, Խաչատրյանը պատասխանեց. - «Եթե այդտեղ օրենքի հակասություն չլինի, ուրեմն ես դրան կնայեմ նորմալ։ Իմ կինը աշխատել է մինչև հեղափոխությունը։ Չեմ կարող ասել՝ հիմա կհրաժարվի, դա մենք կորոշենք՝ կհրաժարվի, թե չի հրաժարվի, կամ հետագա ճակատագիրը հիմնադրամի հետ կապված ինչ կլինի»։

Սա նախկին մարզային իշխանությունների ենթակայությամբ աշխատող հիմնադրամ է, որի գործունեությունը կասկածի տակ են առել իրավապահներն ու քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG