Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում վերջին տարիներին նվազում է թե՛ բնակչության և թե՛ ծնունդների թիվը


Շիրակի մարզկենտրոն Գյումրիի համայնապատկեր, արխիվ
Շիրակի մարզկենտրոն Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Շիրակի մարզում վերջին տարիներին նվազում է և՛ բնակչության, և՛ ծնունդների թիվը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, մարզում բնակչության թիվը 2018-ին կազմում է 235 հազար 400, որը շուրջ 3 հազար 900-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 2017-ին էլ էր գրեթե նույնչափ պակասել մարզի բնակչության թիվը: Մարզում վերջին 4 տարվա ընթացքում 589-ով պակասել է ծնունդների թիվը, ասում է մարզի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը:

«Եթե մենք 2015 թվականին ունեցել ենք 3 հազար 671 ծնունդ, 2018-ին ունեցել ենք արդեն 3 հազար 82 ծնունդ։ Մոտ 590-ով պակաս ծնունդների քանակը կարծում եմ լուրջ դեմոգրաֆիկ խնդիր է և՛ Շիրակի մարզի, և՛, ինչու չէ, նաև Հայաստանի համար», - նշեց Հասմիկ Պետրոսյանը։

2015 թվականը համարվում է վերջին տարիներին ծնունդների թվով ամենապիկը՝ այդ տարի ծնունդների թվի աճ էր գրանցվել: Սակայն դրան հաջորդող տարիներին ակնհայտ նվազում է արձանագրվել:

«Բավականին մեծ աճ էինք ունեցել, իսկ հիմա արդեն չենք կարող ասել, որովհետև բավականին պակասել է ծնունդների քանակը։ Միանգամից չի եղել էդ նվազումը, հետզհետե, յուրաքանչյուր տարի 100-ով, 200-ով, օրինակ՝ 15-16 թվականներին եղել է 267-ով պակաս, 283-ով պակաս։ Միայն 17, 18-ի տարբերությունն է բավականին քիչ՝ 39-ով պակաս, այսինքն՝ 17, 18 թվերին մոտավորապես նույն քանակով ծնունդներ են գրանցվել», - ընդգծեց Պետրոսյանը։

Վերջին երկու տարվա ընթացքում նվազման դինամիկան գրեթե նույնն է: Եթե այս միտումը շարունակվի, դեմոգրաֆիկ լուրջ խնդրի առաջ ենք արդեն կանգնած, ահազանգում են և՛ մարզի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը, և՛ ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը:

«Մենք արդեն շատ լուրջ վիճակի առաջ ենք կանգնած։ Մենք ունենք դեմոգրաֆիկ լուրջ խնդիր, և պետք է, կարծում եմ, կառավարությունը լուրջ քայլեր կիրառի, ձեռնարկի և՛ ներգաղթ ապահովելու համար, և՛ մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար, որովհետև եթե էսպես է շարունակվում, վերջապես կգա մի օր, որ բավականին քիչ կլինեն ծնունդները, և մենք կկանգնենք արդեն շատ լուրջ խնդիրների առաջ՝ և՛ ազգային անվտանգության, և՛ սերունդ շարունակելու, ինչու չէ», - ասաց Հասմիկ Պետրոսյանը։

«Ժողովրդագրական աղետալի վիճակում է, բայց բարդ է ասելը՝ ինչ վիճակի առաջ պիտի կանգնենք ժողովրդագրական առումով, այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով։ Բարելավվելու միտումներ չկան», - «Ազատության» հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը։

Ծնունդների թիվը ամենաշատը պակասել է մարզկենտրոն Գյումրիում: Սա սոցիալական գործոնով պայմանավորելը սխալ է համարում մարզի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարը, քանի որ բազմաթիվ օրինակներ գիտի, երբ սոցիալապես լավ պայմաններում ապրող ընտանիքը սահմանափակվում է մեկ կամ առավելագույնը երկու երեխայով, և կան սոցիալապես վատ պայմաններում ապրող բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ: Սակայն, Հասմիկ Պետրոսյանը նաև նկատում է, որ սոցիալապես անապահով ընտանիքները շատ երեխաներ են ունենում՝ ավելի մեծ նպաստ ստանալու համար:

Արտաշես Բոյաջյանի դիտարկմամբ՝ տարիների սոցիալ-տնտեսական վատ վիճակի հետևանքներն են, որ դեմոգրաֆիկ առումով Հայաստանն արդեն խորը ծերացող երկիր է համարվում:

«Երեք, չորս տարի հետո բացառված չի, որ մահացածները գերազանցեն ծնվածների թվին։ Շատ մեծ հավանականություն կա», - նշեց ժողովրդագրագետը։

Մարզում աղքատության ցուցանիշի փոփոխություն էլ է արձանագրվել: Մոտ 1 տոկոսով պակասել է աղքատության ցուցանիշը՝ կազմելով 44,3 տոկոս, իսկ ահա ծայրահեղ աղքատների ցուցանիշը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 1 տոկոսով՝ 3,7-ի փոխարեն 4,7 տոկոսի է հասել: Այս ցուցանիշը երկրում ամենաբարձրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG