Մատչելիության հղումներ

Թրամփը սպառնում է արտակարգ դրություն հայտարարել ԱՄՆ-ում


Սպիտակ տան ղեկավարը սպառնում է արտակարգ դրության կհայտարարել Միացյալ Նահանգներում, եթե չհաջողվի համաձայնության գալ դեմոկրատների հետ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հարցում:

«Եթե մենք համաձայնության չգանք Կոնգրեսի հետ, ամենայն հավանականությամբ, ես կգնամ այդ քայլին: Այդպես չվարվելու որևէ պատճառ չեմ տեսնում: Ես ունեմ նման լիազորություն: Օրենքը հարյուր տոկոսով իմ կողմն է», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ստացած դեմոկրատները մերժում են պատի շինարարության համար ավելի քան հինգ միլիարդ դոլար հատկացնելու՝ նախագահ Թրամփի պահանջը: Սպիտակ տան ղեկավարը, իր հերթին, հրաժարվում է ստորագրել նրանց ներկայացրած բյուջեի նախագիծը:

Արդյունքում ամերիկյան կառավարությունը 20-րդ օրն է, ինչ մասնակի սառեցրել է աշխատանքը: 800 հազար մարդ կա՛մ հարկադիր պարաուրդի է մատնված, կա՛մ աշխատում է առանց վարձատրության: Երեկ արդեն նրանց մի մասը բողոքի ցույցի էր դուրս եկել Վաշինգտոնում՝ կոչ անելով քաղաքական վերնախավին ընդհանուր հայտարարի գալ:

«Դուք ձեր գործով զբաղվեք, որպեսզի մենք էլ կարողանանք մեր աշխատանքին վերադառնալ», -հայտարարում էին ցուցարարները: - «Այս իրավիճակը մտահոգիչ է, քանի որ մենք աշխատանք ունենք անելու, և իրականում պարապուրդի են մատնվել մարդիկ, որոնք նվիրված են իրենց գործին: Մենք աշխատում ենք հանուն Ամերիկայի ժողովրդի»:

Եթե տարաձայնությունները չհարթվեն մինչև այս շաբաթավերջ, բյուջետային այս ճգնաժամը կլինի ամենաերկարը Միացլալ Նահանգների պատմության վերջ՝ գերազանցելով 1995 թվականի ռեկորդը, երբ կառավարության, այսպես կոչված, շաթդաունը շարունակվել էր 21 օր:

«Այս դեպքում նպատակն արդարացնում է միջոցները», - հայտարարում է նախագահ Թրամփը, ում խոսքով ապօրինի ներգաղթյալների խնդիրը սպառնում է աղետ դառնալ Նահանգների համար:

Իրավիճակի բարդությունն ու պատի կարևորությունն ընդգծելու համար երեկ նա անձամբ էր մեկնել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Տեքսասի նահանգ:

«Դեմոկրատներն ասում են՝ պատը միջնադարյան երևույթ է: Բայց չէ՞ որ անիվն էլ է միջնադարից գալիս, և պատից էլ հին է: Բայց աշխատում է, չէ՞: Նույնն էլ պատը, որևէ բան պատից ավելի արդյունավետ չէ», - ասել է Թրամփը:

Շաբաթասկզբին նախագահը այս հարցով Օվալաձև սենյակից հատուկ տեսաուղերձ էր հղել ամերիկացիներին՝ պնդելով, որ եթե այսօր կառավարությունը շտապ ու կտրուկ քյալեր չձեռնարկի, ամերիկացիները վաղը կկանգնեն լրջագույն խնդիրների առաջ․ - «Ամերիկան հպարտ է հյուրընկալել օրինական ճանապարհով եկող միլիոնավոր մարդկանց, որոնք հարստացնում են մեր հասարակությունն ու նպաստում մեր ժողովրդի բարգավաճմանը: Սակայն ապօրինի, չկանոնակարգվող ներգաղթը վնաս է բերում անխտիր բոլոր ամերիկացիներին՝ կրճատելով աշխատատեղերն ու աշխատավարձերը: Բացի այդ, մեր հարավային սահմանը դարձել է մեծ քանակով ապօրինի թմրամիջոցների տարանցման խողովակաշար, ամեն շաբաթ միայն հերոինից 300 ամերիկացի է մահանում, և այդ թմրամիջոցների 90 տոկոսը երկիր է մտնում հենց հարավային սահմանով»:

Ընդդիմախոսները, ի պատասխան, պաշտոնական վիճակագրությունն են մեջբերում, ըստ որի Թրամփի ներկայացրած մռայլ պատկերը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:

«Վաշինգտոն փոստի», «Ռոյթերզի» ու առաջատար մյուս լրատվամիջոցների հետաքննությունը ևս փաստում է, որ Ամերիկայում անցած տարի արձանագրվել է ապօրինի ներգաղթի ամենացածր ցուցանիշը՝ վերջին 20 տարվա մեջ, իսկ ապօրինի թմրամիջոցների շրջանառությունը գերազանցապես իրականացվում է օրինական անցակետերով:

«Մենք դեմ չենք սահմանների անվտանգության բարձրացմանը, սակայն այն ճանապարհը, որ նախագահ Թրամփն է առաջարկում, լավագույն չէ դրան հասնելու համար», - երեկ հայտարարել է Ներկայացուցիչների տան մեծամասնության՝ դեմոկրատական ճամբարի ղեկավար Նենսի Փելոսին:

Ստեղծված ճգնաժամի պատճառով երեկ նախագահ Թրամփը հայտարարեց, որ չեղարկում է այցը Շվեյցարիա՝ Դավոսի տնտեսական համաժողովին: Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ նա առաջիկա ժամերին արդեն կարող է մտցնել արտակարգ դրություն, ինչը թույլ կտա նախագահին վիճահարույց պատի ֆիանսավորման համար անհրաժեշտ գումարը վերցնել արտակարգ դեպքերի և զինվոական ծախսերի համար նախատեսված պահուստային ֆոնդից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG