Մատչելիության հղումներ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել վիճահարույց նախաձեռնությամբ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուզում է իրավունք ստանալ անհրաժեշտության դեպքում խոցել նույնիսկ քաղաքացիական օդանավերը, որոնք կհատեն Ռուսաստանի օդային սահմանը։

Նախարարությունը օրենսդրական ակտի նման նախագիծ է մշակել, որում աաջարկվում է վերացնել հարցի շուրջ երկրի օրենսդրության մեջ այսօր առկա տարընթերցումները:

Ռուսաստանի զինված ուժերը այսօր էլ կարող են խոցել քաղաքացիական օդանավերը՝ եթե դրանք խախտում են երկրի օդային սահմանը, չեն ենթարկվում սահմանապահների հրահանգներին ու պահանջներին, չեն արձագաքնում համապատասխան ազդանշաններին և միաժամանակ կա մարդկանց կյանքի վտանգ, էկոլոգիական աղետի վտանգ կամ այդ օդանավերը կարող են սպառնալիք լիներ Ռուսաստանի ռազմավարական օբյեկտների համար:

Այս դրույթը այսօր կա Ռուսաստանի օրենսդրությունում: Ընդ որում, նույն այդ օրենսդրությունում նշված է, որ եթե քաղաքացիական օդանավը խախտել է երկրի օդային սահմանը, բայց առկա չեն վերը թվարկված վտանգները, Ռուսաստանի զինուժը այդ քաղաքացիական օդանավերը խոցելու իրավունք չունի։ Այսօր գործում է 1994 թվականին ընդունված կառավարության որոշում, որի համաձայն արգելվում է հարձակվել սահմանը խախտած օդանավերի վրա, եթե հայտնի է, որ օդանավում կան քաղաքացիական մարդիկ։

Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերին հրապարակել է կառավարության որոշման նոր նախագիծ, որով 1994 թվականի այս որոշումը ուժ կորցրած է համարվում։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այդ որոշումը հին է և այսօր հակասում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքին, որտեղ նշված է, որ եթե օդանավը գրավել են ահաբեկիչները, ռուսաստանցի զինվորականները իրավունք ունեն այն խոցել:

Օրենդրական այս նախաձեռնությունն այսօր Ռուսաստանում արդեն ակտիվ քննարկվում է: Շատերն հիշում են 1983 թվականի միջադեպը, երբ սովետական սահմանապահները Սախալինի մոտակայքում ոչնչացրել էր Նյու Յորք - Անկորիջ - Սեուլ չվերթն իրականացնող հարավկորեական քաղաքացիական «Բոինգը», ինչի հետևանքով երկու հարյուր վաթսունինը մարդ էր զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG