Մատչելիության հղումներ

Սանասարյան․ Մեր ուսումնասիրության արդյունքում ստեղծված տեղեկանքի համար պատասխանատու ենք


Մանիպուլիացիոն որակելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարարությունները՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ դրանք որևէ կերպ չեն կարող իրավիճակ փոխել:

Սանասարյանի ղեկավարած կառույցը Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում 800 միլիոն դրամի վնաս էր հայտնաբերվել:

Տարեվերջյան հրատապ ասուլիսին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը և գործընթացքում քաղաքական ենթատեքստ է տեսնում, քանի որ 1997 թվականից ՀՀԿ անդամ է:

Սանասարյանն այսօր ասաց․ - «Ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս, որ Արամ Սիմոնյանի օրինակին հետևեն ու էսպես միանգամից որակեն, որ ենթադրում են, որ քաղաքական հետապնդում է և այլն, և այլն: Կլինեն Հանրապետական կուսակցությունից, «Քաղաքացիական պայմանագրից» թե որևէ այլ կուսակցությունից, բոլոր պաշտոնյաները օրենքի առաջ պետք է հավասար լինել ու պատասխան տան: Չի կարող լինել մեկը, ով որևիցե ճչոցով փորձի այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց՝ մեր հետևից ընկած են, որովհետև մենք Հանրապետական կուսակցության անդամ ենք»:

Սանասարյանը հստակեցրեց, որ իրենք ԵՊՀ-ում ոչ թե ստուգումներ, այլ ուսումնասիրություններ են անցկացրել, հետևաբար Սիմոնյանը չի կարող իր հակափաստարկներում առաջնորդվել «Ստուգումների մասին» օրենքով:

Նրա խոսքով, հոկտեմբերից սկսված ուսումնասիրության արդյունքում ուսումնասիրվել են ոչ թե 9 միլիարդ դրամից ավելի գնումներ, ինչպես պնդում է Սիմոնյանը, այլ ընդամենը 2,5 միլիարդի․ - «Վստահեցնում եմ, որ եթե էդ ուսումնասիրությունը տևեն երկար, էդ թվերը բազմապատկվելու են․․․ Մենք վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքում ստեղծված տեղեկանքի համար պատասխանատու ենք»:

Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Այդյանը նշում է, որ 800 մլնի վնասը հիմնականում ձևավորվել է գնումների գործընթացքում կատարված խախտումների արդյունքում․ - «Հայտարարվել է գնումների բաց ընթացակարգ՝ շինարարության իրականացման նպատակով: Ընթացակարգին մասնակցության հայտ են ներկայացրել ինն անձինք: Մասնակիցներից ութը ներկայացրել են գնային առաջարկներ 210-279 միլիոն դրամի շրջանակներում, առանց ավելացված արժեքի հարկի: Եվ մի անձ ներկայացրել է 397 միլիոն դրամ: Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են, բացի 397 միլիոն դրամ առաջարկած մասնակցից: Ուսումնասիրությունն իրականացնող խմբի կողմից հիմքերն են ուսումնասիրվել՝ արդյո՞ք հիմնավոր է եղել այդ առավել ցածր գնային առաջարկներ ներկայացրած մասնակիցների մերժումը: Արդյունքում պարզվել է, որ գերակշիռ մասում եղել է ոչ հիմնավոր: Այն ընկերությունը, որը կազմել է նախահաշիվը այդ շինաշխատանքների, և այն ընկերությունը, որը արդեն կատարված շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն է իրականացրել․․ նախահաշիվ կազմող ընկերության տնօրենը հանդիսանում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերության գլխավոր ինժեները, ճարտարապետը: Այսինքն, այստեղ ունենք մի շղթա»:

Բարձր գին սահմանած հաղթող ընկերության եկամուտների շուրջ 90 տոկոսը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամից է: Այսինքն, ըստ ՊՎԾ-ի պաշտոնյայի, այդ ընկերությունը ստեղծվել և աշխատել է բացառապես ԵՊՀ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:

Այդյանը խախտումներ է տեսնում նաև պահնորդարական ծառայության մրցույթում․ մասնավորապես մասնակիցը գնային առաջարկ է ներկայացրել, որ այս ամբողջ ծառայությունը պատրաստ է մատուցել 6 մլն 125 հազար դրամով, 2 ամիս անց կնքվել է համաձայնագիր, որ այդ ծառայության արժեքը կարող է բարձրանալ:

«Սա հանդիսանում է խախտում: Գինը կարող է փոփոխվել որոշակի գործոնների ազդեցությամբ միայն երեք տարին գերազանցող ժամանակահատվածի համար», - նշեց Դավիթ Այդյանը:

Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ այս գործը բոլոր փաստարկներով գնալու է դատարան: Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությանը, թե իր բարի համբավը արատավորելու համար դիմելու է դատարան, Սանասարյանը հակադարձում է․ - «Բարի է թե ինչ համբավ է, թող դատարանում փորձի պարզել»:

ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին- Տերյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ իրենք առաջիկայում մանրամասն պարզաբանում կհրապարակեն ասուլիսին հնչած հայատարարությունների վերաբերյալ: Իսկ մինչ այդ պնդում են, որ Սանասարյանի ղեկավարած կառույցի հրապարակած փաստերը իրականությանը չեն համապատասխանում և խեղաթյուրված են:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ ՊՎԾ-ի կատարած ուսումնասիրության արդյունքները իրենք ստացել են երեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG