Մատչելիության հղումներ

Քոչարյանի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ հայտնեց. Օրբելյան


«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ հիմնավորումները հայտնի չեն։ «Այսօր օրվա ավարտին որոշումները կհանձնեն կողմերին, որից հետո կկարողանանք գնահատական տալ», - ասաց Օրբելյանը՝ միևնույն ժամանակ նշելով. - «Իմ կարծիքով արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել է, չկար։ Բոլոր հանգամանքներն, որոնք երեկ հնչեցվել էին, հայտնի էր դատարանին դեռևս միջնորդությունը տալու ժամանակ, հետո ամսի 28-ին՝ քննության ժամանակ, և համապատասխանաբար, եթե դատարանը գտնում էր, որ դրանք ինչ-որ ձևով խոչընդոտում են իր անկախությունը և դա կարող էր անաչառ դիտորդի մոտ առաջացնել ինչ-որ խնդիրներ, ինքը կարող էր ամսի 26-ին և հետո ամսի 28-ին ինքնաբացարկ հայտնել և չհետաձգել մինչև այսօր», - ասաց Օրբելյանը։

Փաստաբանն ասաց, որ այստեղ ակնհայտորեն տեսնում են արդարադատությունից խուսափելու դեպք։

«Հուսանք, որ շատ կարճ ժամանակում կտեղեկանանք, թե գրավի հետ կապված ում է մակագրվել և երբ է քննվում բողոքը, և դրա հետ կապված հանգամանքներից պարզ կլինի հետագա գործողությունները գրավի մասով», - ասաց Օրբելյանը։

Նշենք, որ Դատախազությունն ու քննիչն երեկ ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին գործը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նիստից հետո ասաց, որ ինքնաբացարկի հիմքը նա էր, որ «նույն գործով մեկ այլ մեղադրյալի դեպքում դատավորն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով բավական երկար ժամանակ մոտիկ են եղել, և որպեսզի կասկածներ չառաջանան իր անաչառության վերաբերյալ, ինքը ինքնաբացարկ էր հայտնել»:

Այժմ գործը կփոխանցվի այլ դատավորի։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էրվերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Դեռ անցած տարի՝ դեկտեմբերի 28-ին նախկին նախագահի փաստաբաններն իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան՝ չնշելով գրավի չափը։ Դատարանը հարցի քննությունը հետաձգեց մինչև 2019-ի հունվարի 9-ը։ Երեկ միջնորդության քննությունը կրկին հետաձգվեց դատավորի ինքնաբացարկի միջնորդության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG