Մատչելիության հղումներ

ԱԺ նորընտիր պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստացան մանդատները


Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորներն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ստացան իրենց պատգամավորական մանդատները։

Մանդատները հանձնեցին ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանն, այլ՝ ընտրողները։

«Նախապատրաստվելով մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը ընտրություններին մասնակցած քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով ընտրվել են թվով 28 քաղաքացիներ, որոնք ընտրողների անունից մանդատները կտրամադրեն նորընտիր խորհրդարանի պատգամավորներին։ Ընտրվածների թվում են նաև ամենաերիտասարդ ընտրողներ, ում 18 տարեկանը լրացել է քվեարկության օրը։ Հրավիրել ենք նաև քվեարկության ամենատարեց մասնակիցներ Բավական Փիլոյանին՝103 տարեկան, Խաչիկ Գաբրիելյանին՝ 99 տարեկան։ Այսօր իրականացվեց ևս մեկ վիճակահանություն, որով որոշվեց նաև նշված քաղաքացիների կողմից մանդատների տրամադրման հաջորդականությունը», - արարողության մեկնարկին ասաց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահն իր և հանձնաժողովի անունից շնորհավորեց նորընտիր Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ ցանկանալով «առողջություն և աշխատանքային հաջողություններ, բեղմնավոր գործունեություն Հայաստանի օրենսդիր մարմնում՝ ի փառս երկրի և ժողովրդի»։

«Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18։ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG