Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հավանաբար կղեկավարի Էդմոն Մարուքյանը


«Լուսավոր Հայաստան»-ն այսօր խմբակցության նիստ կգումարի, որի ժամանակ էլ կորոշի խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը: Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունից առաջ։

«Այսօր խմբակցության նիստ կունենանք, որից հետո մամուլի հաղորդագրություն կտանք խմբակցության ղեկավարության հետ կապված», - ասաց Մարուքյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նքն է ղեկավարելու խմբակցությունը, Մարուքյանը պատասխանեց. - «Ենթադրվում է, որ այո։ Իսկ քարտուղարի պաշտոնը դեռևս քննարկում ենք»։

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդն ասաց, որ նոր խորհրդարանում ընդդիմություն են լինելու իշխանությանը։ «Մենք մեր տեսակի մեջ ենք ընդդիմություն, եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կհայտարարի, որ ընդդիմություն է, կտեսնենք գործունեության արդյունքը», - հայտարարեց Մարուքյանը։

«Ազատության» հարցին, թե «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է, Մարուքյանը պատասխանեց. - «Մենք համագործակցության եզրեր Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի հետ էլ տեսնում ենք, եթե մեր տեսլականի և մոտեցումների շուրջ կարող են գալ ընդհանուր հայտարարի՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ոչ թե ինչ-որ մեկի անձնական շահերն առաջ մղելուն, այլ՝ հանուն երկրի»։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում քիչ անց կմեկնարկի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Իմ քայլը» դաշինքը կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18։ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG