2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ասված է ընկերության հաղորդագրությունում։
Ըստ ընկերության, միջազգային հաղորդակցությունում՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով, փոխադրվել է 1 093 ուղևոր (աճը՝ 42 տոկոս), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 9 հազար 519 ուղևոր (աճը՝ 21 տոկոս): Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող նոր էքսպրես էլեկտրագնացքով մեկնել է 708 ուղևոր:
«Երկաթուղու ուղևորների թվի աճը նկատվում է հանրապետությունում ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալի անկման ֆոնին, ինչը վկայում է Հարավկովկասյան երկաթուղու հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին: Օրինակ, եթե 2018 թվականի հունվար-նոյեմբերին ավտոտրանսպորտի ուղևորահոսքի անկումը կազմել էր 9,4 տոկոս, ապա երկաթուղում արձանագրվել է աճ 5,3 տոկոսով: Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների ոլորտում դրական դինամիկան նկատվում է 2015 թվականից: Միևնույն ժամանակ ավելանում է նաև ուղևորատար գնացքների արտադրողականությունն ու արդյունավետությունը», - ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը նշում է, որ օպերատիվ տվյալների համաձայն, 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5 տոկոսով, փոխադրվել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում:
«Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է: Նույնպես ռեկորդային 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով», - ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը նշում է, որ մոտակա ամիսներին ՀԿԵ-ն կստանա երկրորդ նոր էլեկտրագնացք, ինչի շնորհիվ ավելանալու է հանրապետության երկու գլխավոր քաղաքների միջև կատարվող չվերթների հաճախականությունը: