Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հետաձգել է Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը. ԱՆ


Սամվել Մայրապետյան, արխիվ
Սամվել Մայրապետյան, արխիվ

Հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) ստացված գրությամբ Հայաստանի կառավարությունը տեղեկացվել է, որ հունվարի 2-ին հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին վերադարձնել Մայրապետյանի անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից, «Ազատության»-ը փոխանցեցին Արդարադատության նախարարությունից։

Ըստ նախարարության, հաջորդ օրը՝ հունվարի 3-ին, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը և Հայաստանի կառավարությանն առաջադրել հետևյալ հարցերը․ - «Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները վերցրել են դիմումատուի անձնագիրը: Եթե՝ այո, ապա որո՞նք են դրա իրավական և փաստական հիմքերը։ Հաշվի առնելով դիմումատուի առողջական վիճակն՝ արդյո՞ք հնարավոր է կազմակերպել վերջինիս բուժումը Հայաստանում»:

Արդարադատության նախարարությունը նշում է, որ կառավարությունից պահանջվել է մինչև սույն թվականի հունվարի 11-ը տեղեկություններ ներկայացնել առաջադրված հարցերի շուրջ:

«Ներկայումս Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար», - ասացին նախարարությունից:

Մայրապետյանի պաշտպաններն ավելի վաղ հայտարարել էին, թե Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) անտեսել է պաշտպանի միջնորդությունը՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու, ինչպես նաև բուժման նպատակով Գերմանիա մեկնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ:

Հունվարի 8-ին, երբ ՀՔԾ-ն վերադարձրեց Մայրապետյանի անձնագիրը, նրա փաստաբան Կարեն Բատիկյանը դա պայմանավորեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) միջանկյալ որոշմամբ. ՄԻԵԴ-ն այս առնչությամբ հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը։ Մայրապետյանի գործը քննող իրավապահ կառույցը, մինչդեռ, պնդում է՝ անձնագիրը վերադարձվել է նրա կալանքը փոփոխելուց հետո, երբ պաշտպանները այդ հարցով դիմել են իրենց։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: Նրան «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել: Չհրապարակելով, թե ինչ գործի շրջանակում է մեղադրվում Մայրապետյանը, ՀՔԾ-ն հայտարարում է, որ խոսքը խոշոր չափերի՝ ավելի քան 2 միլիարդ դրամին համարժեք մոտ 7 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքի մասին է։

Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG