Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն այսօր կհրապարակի Խադիջա Իսմայիլովային վարկաբեկող արշավի գործով վճիռը


Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովա, արխիվ
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր կհրապարակի ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային վարկաբեկող արշավի գործով վճիռը:

Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքի բացահայտումներով հայտնի լրագրողը 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ կային՝ սեռական բնույթի լուսանկարներ, ապա՝ տեսագրություն, որն արվել է լրագրողի ննջասենյակում՝ սիրեցյալի հետ սեռական ակտի ժամանակ: Հետագայում այդ տեսանյութերը նաև համացանցում հայտնվեցին։

Դրան հաջորդեց Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների կողմից լրագրողին վարկաբեկող ռեպորտաժների շարքը, որոնցում Իսմայիլովային մեղադրում էին հակակառավարական գործունեության, անպարկեշտության, ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի մեջ:

Հետագայում լրագրողն իր բնակարանում հայտնաբերեց բազմաթիվ թաքնված տեսախցիկներ և երկրորդ գաղտնի հեռախոսագիծ։ Այս և մյուս փաստերը քննության առարկա դարձան նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում, որոշ քայլեր արվեցին, այդ թվում՝ հարցաքննվեց Իսմայիլովան, հայտնաբերվեց հեռախոսագիծն անցկացնողը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում էր նաև, որ հարցաքննել է հնարավոր բոլոր վկաներին, լրագրողի նախկին սիրեցյալին, մերձավորներին և ընտանիքի անդամներին: Մեղավորներ, սակայն, այդպես էլ չգտնվեցին: Տեղում դոփող հետաքննության մասին իր զեկույցում երկրի գլխավոր դատախազությունը հրապարակեց առանց այդ էլ պետական քարոզչամեքենայի թիրախը դարձած լրագրողի անձնական տվյալները՝ ընդհուպ նրա տան հասցեն։

Տարիներ շարունակ լրագրողն ապարդյուն փորձում էր հասնել իրեն պախարակող արշավի կազմակերպիչների բացահայտմանը, սակայն քննությունը ձգձգվեց այնքան, մինչև լրագրողն ինքը բանտարկվեց: Տարիներ շարունակ Ալիևների թաքցրած գումարներն օֆշորներում բացահայտած լրագրողը յոթուկես տարվա ազատազրկման դատապարտվեց՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով:

Արևմտյան պետությունների կողմից ադրբեջանական իշխանությունների վրա ճնշումների արդյունքում լրագրողի նկատմամբ պատիժը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ նրա՝ մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իր բողոքներից մեկում Խադիջա Իսմայիլովան մասնավորապես պնդել է, որ պետությունն է պատասխանատու իր անձնական կյանք ներխուժելու համար՝ հատկապես սպառնալից նամակների և իր ննջասենյակում տեղադրված բազմաթիվ թաքնված տեսախցիկների, ինչպես նաև համացանցում իր սեռական կյանքի մանրամասների հրապարակման համար։

Լրագրողի համոզմամբ, Ադրբեջանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունները՝ չի պաշտպանել իր անձնական կյանքի իրավունքը և անձեռնմխելիությունը, ոչ էլ արդյունավետ հետաքննություն է իրականացրել մեղավորներին բացահայտելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG