Մատչելիության հղումներ

Փաշինյանը երեկ ուշ երեկոյան այցելել է Երևանի քաղաքապետարան


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, Երևանի քաղաքապետ Հայկ Մարության և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան, արխիվ
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, Երևանի քաղաքապետ Հայկ Մարության և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան, արխիվ

Տարեսկզբի առաջին աշխատանքային օրվա ավարտից հետո Երևանի քաղաքապետարան է այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման է մասնակցել:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկման օրակարգում եղել են այս օրերին քննարկվող քաղաքային խնդիրները, հետաքրքրվեցինք «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանից։ - «Առանձին հարցերի, էսպես, առանձին բաների անդրադարձ չի եղել։ Շատ ավելի գլոբալ քննարկում էր, որը վերաբերում է «Իմ քայլը» ավագանու գործունեությանը, առհասարակ գործունեության կազմակերպմանը, որպեսզի արդյունավետ լինի», - պատասխանեց նա։

Տոնական օրերին սոցիալական ցանցերում քննադատության թիրախը Երևանի քաղաքապետարանն էր, գլխավոր թեման՝ բնակելի շենքերի հարակից տարածքներում կուտակված աղբը:

Համացանցը ողողած աղբակույտերի լուսանկարներն օրեր շարունակ քաղաքային իշխանության ներկայացուցիչների հումորի ու վրդովմունքի թեման էին: Լուսանկարներն ու քաղաքացիների դժգոհությունները անհարկի շահարկումներ որակեցին իշխանության ներկայացուցիչները, հակադարձելով՝ 24-ժամյա ռեժիմով են տոնական աղբից մաքրել մայրաքաղաքը: Իսկ երեկ ուշ երեկոյան քաղաքապետարան է այցելել վարչապետի պաշտոնակատարը, հանդիպել թիմակիցներին:

Իզաբելլա Աբգարյանն էլ տոներին ֆեյսբուքյան, այսպես ասած, գրոհից չէր խուսափել՝ աղբի թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջի գրառման պատճառով. - «Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի: Վատ կլինի, երբ աղբը քիչ լինի»:

Այս գրառումը որոշ լրատվամիջոցներում ու իշխանության քննադատների էջերում տարածվելուց հետո Աբգարյանն արձագանքել էր, թե կատակել է, իրեն սխալ են հասկացել:

Աղբահանությունից դժգոհողներին կոշտ էր արձագանքել ավագանու նախկին անդամ, արդեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հայտարարելով, թե «աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ»:

Աբգարյանի պնդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարի և նրա թիմակիցների հանդիպումն ավելի վաղ էր ծրագրավորած, Փաշինյանի հարցերը սպասվող մարտահրավերներին էին վերաբերում և խմբակցության աշխատանքներին:

«Վարչապետն ասաց, որ վաղուց էր ծրագրում այդ հանդիպումը, պարզապես գործերի բերումով չէր ստացվում, քանի որ ընտրություններից հետո մեզ մոտ հանդիպում տեղի չէր ունեցել մեր առաջնորդի հետ, և հանդիպումը վաղուց պլանավորված էր, որը որ օգտվելով այս տոների առիթից հնարավոր դարձավ։ Հիմնական, առանձնահատուկ օրակարգ չկար, հիմնականում քննարկվում էին մեր ներքին աշխատանքային հարցերը։ Վարչապետն էր ավելի շատ հարցեր տալիս, ուզում էր իմանալ՝ արդյո՞ք մենք խնդիրներ ունենք ինչ-որ հարցում, ինչպե՞ս ենք պատկերացնում հետագա մեր գործունեությունը, ի՞նչ ենք տեսնում որպես մարտահրավեր։ Այսինքն՝ բուն ներքին քննարկում էր», - ընդգծեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը։

Աղբահանության բուռն քննարկումներին անմասն չմնաց Երևանի քաղաքապետը: Տարեսկզի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց համապատասխան ստորաբաժումներին արդյունավետ և շուրջօրյա աղբահանության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG