Մատչելիության հղումներ

Հայաստանը դասվել է «ամենամեծ առաջընթաց արձանագրած» երկրների շարքում


Բրիտանական Economist intelligence unit -ը, վերլուծելով աշխարհում անցած տարի տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, Հայաստանը դասել է հաղթողների և ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրների շարքում:

Հեղինակավոր կենտրոնը նշել է. «2018-ին՝ խաղաղ իշխանափոխությունից հետո, Հայաստանը միանգամից ութ կետով բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը 167 երկրների շարքում»:

Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։

«Բոլոր այս ոլորտներում Հայաստանը անցած տարի զգալիորեն բարելավել է դիրքերը, ընդ որում, առաջընթացի այդ տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայի հիբրիդային պետությունների շարքում», - արձանագրում է Economist intelligence unit -ը:

Անցած տարվա առաջընթացը, ի դեպ, աննախադեպ է Հայաստանի համար և ամենամեծը այս ուսումնասիրության մեկնարկից՝ 2006 թվականից ի վեր: Տասը բալանոց համակարգով, մասնավորապես, անցած տարի Հայաստանը ստացել է 4,79 միավոր՝ նախորդ տարվանից գրեթե մեկ միավորով ավելի, այն դեպքում, երբ տարիներ շարունակ կա՛մ դոփում էր տեղում, կա՛մ՝ նահանջ արձանագրում:

«Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի աթոռին նստելով իշխանությունը պահելու փորձի դեմ սկսված թավշյա հեղափոխությունը հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում», -արձանագրում է բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ հավելելով․ - «Փաշինյանի դաշինքը ջախջախիչ հաղթանակ տարավ Երևանի ավագանու ընտրություններում, և ձայների գերակշռող մեծամասնություն ստացավ խորհրդարանական ընտրություններում: Այս զարգացումները, ինչպես նաև Փաշինյանի հակակոռուպցիոն արշավը բարելավեցին Հայաստանի գնահակատանները կառավարության հաշվետվողականության և թափանցիկության ոլորտներում: Այդ փոփոխությունների արդյունքում էապես բարելավվել է նաև կառավարության ու քաղաքական կուսակցությունների հանդեպ Հայաստանի քաղաքացիների վստահությունն ու կոռուպցիայի ընկալման ցուցիչը», - հայտարարում է բրիտանական հանդեսի վերլուծական կենտրոնը:

Հետազոտության թվերը փաստում են, որ ամենամեծ առաջընթացն արձանագրվել է կառավարության արդյունավետ աշխատանքի ոլորտում. այստեղ Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո ստացել է նախորդ տարվանից գրեթե երկու անգամ ավելի բարձր գնահատական: Ավելի վաղ՝ անցած տարեվերջին բրիտանական Economist-ը Հայաստանը ճանաչել էր տարվա երկիր՝ տասներու ամիս շարունակված բարեփոխումների համար:

«Պուտինյան դրածոն արտաքսվեց՝ առանց գեթ մեկ զոհի: Անհանգիստ տարածաշրջանում գտնվող այս հնագույն և հաճախ վատ ղեկավարներ տեսած ազգը այժմ ժողովրդավարության և արդիականացման հնարավորություն է ձեռք բերել», - արձանագրել էր հեղինակավոր հանդեսը։

Ի տարբերություն Հայաստանի, հարևան Վրաստանը անցած տարի ժողովրդավարության առումով զգալի անկում է արձանագրել, ընդ որում, անկման տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայում: Բրիտանացի փորձագետները փաստել են, որ մայիսին երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ մեծ քաղաքականություն, ու թեև պաշտոն չէր զբաղեցնում, բայց կուլիսներից էր ուղղորդում կառավարության քաղաքականությունը:

Ադրբեջանը որևէ փոփոխություն չի արձանագրել՝ Բելառուսի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ մնալով բռնապետական երկրների շարքում:

Ընդհանուր առմամբ, ժողովրդարության ինդեքսով աշխարհի առաջատարներն են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, վատթարագույնները՝ Հյուսիսային Կորեան, Սիրիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG