Մատչելիության հղումներ

Շիրակի մարզից առաջին անգամ ընտրված պատգամավորները հստակ օրակարգով են գնում ԱԺ


7-րդ գումարման Ազգային ժողովում Շիրակի մարզը 6 պատգամավոր կներկայացնի, որոնցից չորսը առաջին անգամ են ընտրվել:

Երեքը «Իմ քայլը» դաշինքից են՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, նրա տեղակալ Սոֆյա Հովսեփյանը և խորհրդական Նազելի Բաղդասարյանը: ԲՀԿ-ն կներկայացնեն երկու հնաբնակ պատգամավորներ՝ Գյումրիի երկարամյա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:

«Լուսավոր Հայաստանի» ցուցակով Շիրակի մարզից պատգամավոր է ընտրվել անկուսակցական Սարիկ Մինասյանը: Մասնագիտությամբ քաղաքագետ Սարիկ Մինասյանը մի քանի տարի աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում, մոտ մեկ տարի զբաղեցրել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի պետի պաշտոնը: Մոտ 2000 քվե էր ստացել:

«Ազատության» հետ զրույցում ասաց, թե պատագամավոր դառալու երազանք չի ունեցել․ - «Իմ համար դա պարտականություն է, ոչ թե երազանք: Հնարավոր է, որ նախկին սիստեմի ժամանակ մարդկանց համար եղել է գերնպատակ, երազանք, անձնական հարցերի լուծման խնդիր, բայց ես էդպիսի երազանք երբևէ չեմ ունեցել: Դա պարտականություն է քո բնակչության, քո ազգի, քո երկրի ու պետության հանդեպ»:

Ամենաաղքատ մարզը սոցիալական վատ վիճակից դուրս բերելու համար, ըստ Մինասյանի, պետական լուրջ աջակցություն է անհրաժեշտ: Մարզի համար առաջնահերթ է համարում անօթևանության խնդրի լուծումը և հարկային արտոնությունների սահմանումը․ - «Թալանված գումարները, որոնք թալանել են էս 30 տարվա ընթացքում, պետք է հատկացվեն հենց էս 30 տարիների ընթացքում մեր նախկին իշխանություններից տուժած անօթևաններին, որպեսզի կարողանանք լուծել անօթևանության խնդիրը: Երևի առաջին նախաձեռնությունը, քայլը այս ուղղությամբ է լինելու: Եվ կարծում եմ, մեր մարզին պետք են հարկային բարեփոխումներ, հատուկ օրենք Շիրակի մարզի համար, որպեսզի կարողանանք ներդրողներ կանչել մեր մարզ»:

Մնացած 5 պատգամավորների հետ համագործակցության հարցում Մինասյանը խնդիր չի տեսնում՝ եթե որևէ օրենսդրական նախաձեռնություն մարզի շահերից բխի:

«Իմ քայլը» դաշինքից Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը մոտ 6 հազար քվե է ստացել: Կրթական ոլորտին մոտ կանգնած լինելով՝ մասնագիտությամբ հոգեբանը իրեն տեսնում է ԱԺ կրթության հանձնաժողովում: Հստակ օրակարգով է գնում խորհրդարան․ - «Այն խնդիրները, որոնք, մասնավորապես, Շինակի մարզում տեսա, և հասկացա, որ կա նաև օրենսդրական փոփոխությունների կարիք, բարձրաձայնման կարիք, հենց այս օրակարգով էլ կմտնեմ»:

Հովսեփյանն ասում է, որ իրեն շատ հաճախ կտեսնեն հարցեր բարձրաձայնելիս, չի գնում ԱԺ՝ կոճակ սեղմելու: Նույնիսկ իր հարազատ կուսակցությանը քննադատելուց չի կաշկանդվի․ - «Ինձ կաշկանդում են միայն այն երեխաների հայացքները, ովքեր նայելու են ինձ ու հարցնեն, թե ինչու եմ ես գնացել այնտեղ: Իսկ որպեսզի այդ կաշկանդումը չլինի, ես միանշանակ պատրաստ եմ էդ հարցերը տալու թե՛ գործադիրին, թե՛ օրենսդիրին: Ես պարտավորություն ունեմ առավել շատ վաղվա սերունդի համար, քան էն մարդկանց, ովքեր էսօր պաշտոններ ունեն»:

Հովսեփյանը Շիրակի մարզն առանձին հանրապետություն է համարում Հայաստանի մեջ՝ իր ունեցած բոլոր խնդիրներով: Այստեղ բոլորն անելիք ունեն․ - «Եթե ամբողջ հանրապետությունում կան հատվածներ, որոնք այս կամ այն հարցից զերծ են, ապա մեր մարզը ամբողջությամբ այդ խնդիրների մեջ է: Պետք է ուղղակի էս մարզը վերցնել որպես թիրախ, ուսումնասիրության թիրախ, և էս ամեն հարցերը եթե լուծենք, ապա ամբողջ հանրապետության հարցերը կլուծենք»:

Մարզպետի խորհրդական, մասնագիտությամբ իրավաբան Նազելի Բաղդասարյանը իր հավաքած քվեներով 4-րդն էր: ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ինքնաբացարկից հետո մանդատը նրան բաժին հասավ: Ասում է, թե չի երազել, որ պատագամավոր է դառնալու, բայց վստահ է եղել՝ մտնելով ընտրապայքարի մեջ:

Նազելի Բաղդասարյանը հստակ գիտի, թե ինչու է գնում Ազգային ժողով․ - «Ինքս ցանկություն եմ հայտնել պետաիրավական ու մարդու իրավունքների կամ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովներում՝ զուտ մասնագիտության առումով և ունեցած աշխատանքային փորձի առումով․․․ Ինձ համար Ազգային ժողովը այն հարթակն ա, որտեղ կարելի է խնդիրներին լուծում տալ»:

Նրա կարծիքով, մարզերի համաչափ զարգացումը շատ հարցերի լուծում կտա: Հստակ քաղաքականություն պետք է իրականացվի այս հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG