Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Թեհրանի դեմ մոտ ապագայում նոր քայլեր կձեռնարկի. Մայք Փոմփեո


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգների իշխանությունները պաշտոնական Թեհրանի դեմ մոտ ապագայում նոր քայլեր կձեռնարկեն: Հորդանան կատարած պաշտոնական այցի ընթացքում երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։

«Առաջիկա օրերին և շաբաթներին մենք նոր լիցք կհաղորդենք ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական ոլորտում գործադրվող ջանքերին` Իրանի նկատմամբ ճնշում բանեցնելու և դեռ անցած տարվա մայիսին նախանշված նպատակներին հասնելու համար: Իրանին ուղղված մեր պահանջները շատ պարզ են` նախևառաջ նորմալ պետությանը բնորոշ պահվածք ցուցաբերել», - հայտարարում էր ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Ամերիկյան պատժամիջոցների նոր՝ աննախադեպ կոշտ չափաբաժնի ֆոնին, Թեհրանը և Եվրամիությունը արդեն մի քանի ամիս է ինչ երկկողմ տնտեսական կապերի նոր ձևաչափ ստեղծելու հուսահատ փորձեր են ձեռնարկում: Եվրոպական առաջատար պետությունները ցանկանում են վճարումների այլընտրանքային մեխանիզմ ստեղծել, որը հնարավորություն կտա Իրանի հետ գործարար կապեր ունեցող արևմտյան ընկերություններին առևտուր ծավալել Թեհրանի հետ՝ առանց ամերիկյան պատժամիջոցների թիրախ դառնալու: Դրան ի պատասխան՝ Վաշինգտոնը հայտարարել է, թե ցանկացած պետություն, որ կմասնակցի Իրանի հետ վճարումների հատուկ մեխանիզմի ստեղծմանը, կբախվի կոշտ հակազդեցության:

Դեռ նոյեմբերին ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում էր, որ ԵՄ անդամ առնվազն երկու պետություններ` Լյուքսեմբուրգը և Ավստրիան, Վաշինգտոնի ճնշման ներքո հրաժարվել են իրենց տարածքում իրավաբանական գրանցում տրամադրել ամերիկյան պատժամիջոցների շրջանցման նպատակով ստեղծվող հատուկ այս կառույցին:

Իրանցի պաշտոնյաները, սակայն, հայտարարում են, որ իրենց դիվանագիտական ջանքերը միայն եվրոպական ուղղությամբ չէ որ կենտրոնացնում են:

«Շարունակելով աշխատել եվրոպացիների հետ պատժամիջոցները շրջանցող հատուկ ձևաչափի ստեղծման ուղղությամբ, մենք նաև գերադասում ենք սպասողական վիճակից զերծ մնալ: Մենք աշխատում ենք նաև ավանդական գործընկերների` Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի հետ` առաջնորդվելով մեր ժողովրդի շահերով», - Դելի կատարած այցի ընթացքում հայտարարում էր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG