Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը ճանաչել է զինծառայողի՝ խոշտանգումների զերծ մնալու իրավունքի խախտումը


Փաստաբան Արա Ղարագյոզյան

Վճռաբեկ դատարանը ճանաչել է բանակ զորակոչվելուց հետո հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի՝ խոշտանգումների զերծ մնալու իրավունքի խախտումը։

Նախկին զինծառայողի փաստաբան Արա Ղարագյոզյանը դեպքից չորս տարի անց կայացված որոշումը աննախադեպ է համարում․ - «Հիմնավորումները հետևյալն էր, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունն ու դատարանները չեն իրականացրել արդյունավետ քննություն խոշտանգման փաստի վերաբերյալ, և Վճռաբեկը դատարանը որոշում կայացրեց իմ բողոքը նախ վարույթ ընդունելու, հետագայում բավարարելու։ Սա ես կհամարեն աննախադեպ որոշում, քանի որ Վճռաբեկ դատարանը ճանաչել է Արթուր Հակոբյանի՝ խոշտանգումների զերծ մնալու իրավունքի խախտումը, 3-րդ հոդվածի խախտումը: Հիմնականում նմանատիպ գործերով Եվրոպական դատարանն էր ճանաչում 3-րդ հոդվածի խախտում»:

Փաստաբանը նման որոշում չէր ակնկալում նախկին իշխանությունների օրոք, իսկ Վճռաբեկի այս որոշմամբ Հայաստանի դեմ ևս մեկ հայց չներկայացվեց Եվրոպական դատարան․ - «Զինծառայողների են հարցաքննել՝ արդյո՞ք Արթուր Հակոբյանի նկատմամբ ճնշումներ, խոշտանգումներ եղել են, թե չէ, և այն զինծառայողների, որոնք եղել են անմիջական բռնություն գործադրող հրամանատար: Այսինքն որևէ զինծառայող չէր ցուցմունք տա, որ Արթուր Հակոբյանին խոշտանգել են․․․ Համոզված եմ, որ նույն զինծառայողները, եթե հիմա նոր քննություն սկսվի․․․ իրականում շատ բաներ կբացահայտվի, թե ինչ բռնությունների և խոշտանգումների է ենթարկվել Արթուր Հակոբյանը»:

Գործով մեղադրյալ դեռ չկա, առերեսումներ չեն իրականացվել։

Վճռաբեկ դատարանը անդրադարձել է նաև հոգեկան առողջություն ունեցող անձի հարցաքննությանը: Ըստ փաստաբանի, դատարանը փաստել է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի ցուցմունքները չլսելու փաստը հանգեցրել Արթուր Հակոբյանի իրավունքների խախտմանը:

Զինվորի ընտանիքը պնդում է, որ 2015 թվականին երիտասարդին բանակում նվաստացրել են, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով էլ խաթարվել է Հակոբյանը հոգեկան առողջությունը։ Երիտասարդը շարունակ ասում է, որ իրեն ծեծողը եղել է գումարտակի հրամանատարը:

Արթուրին խնամող մորքույրն ասում է՝ Վճռաբեկ դատարանի որոշումն անսպասելի էր իրենց համար․ - «Ես ընդհանրապես հույսեր չունեի, հիասթափված էի բոլորից, որովհետև ոչ մեկ դուռս չծեծեց, իմ Արթուրից չհետաքրքվեց․․․ ո՛չ մի զորամաս, ո՛չ մի զինվորական, ո՛չ մեկ։ Ո՛չ էլ զանգել հարցրել են որպիսությունը: Ես պնդում եմ, որ ամեն ինչ եղել է ծեծի արդյունքում, երեխան գլխին հարված ա կերել․․․ Որովհետև հիշողությունն էլ ա կորցրել»:

Բանակում երկու տարվա փոխարեն 10 ամիս ծառայած Արթուր Հակոբյանի ընտանիքն այժմ արդյունավետ քննության հույս ունի:

«Ով մեղավոր ա, պիտի պատասխան տա: Ով ուզում ա լինի: Էսօր մեր երեխեն ա, վաղը մյուսի երեխեն ա․․․ առողջ, առյուծ երեխեք ենք տալիս, կատու հետ վերցնե՞նք», - ասաց Արթուրի մորաքույրը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում Վճռաբեկի որոշումը նախադեպային համարեց․ - «Իրավապահ համակարգը խոշտանգումներին ընդհանրապես ընթացք չի տալիս․․․ Ես համարում եմ, որ հատկապես բանակի դեպքում սա շատ կարևոր որոշում է: Սա շատ լավ զսպող հանգամանք է: Շատ կարևոր է, որ սա Վճռաբեկ դատարանի որոշումն է: Եթե դատարանը շարունակի և հենց այս ձևով՝ ընդգծված ձևով կարևորի խոշտանգումների փաստերը բացահայտելը և ավելի թափանցիկ դարձնելը հանրության համար, սրանով նրանք անպատժելի մթնոլորտը վերացնելու են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG