Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղար. Մենք պետք է վստահ լինենք, որ թուրքերը չեն կոտորի քրդերին


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո

Պաշտոնական Վաշինգտոնը նախքան Սիրիայից զորքերը դուրս բերելը նախապայմաններ է առաջադրել Թուրքիային:

«Տեղի քրդերի անվտանգությունը պետք է երաշխավորվի, «Իսլամական պետությունն» իսպառ վերացվի», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով այսօր Իսրայելից ժամանել է Անկարա: - «Մենք տեղում կքննարկենք՝ որն է այն ճանապարհը, որ թույլ կտա իրագործել Սիրիայի հյուսիսարևելքից ամերիկյան զորքերը դուրս բերելու՝ Նախագահի որոշումը, երաշխավորելով, որ «Իսլամական պետությունը» ջախջախված է և չի կարող վերականգնել ուժերն ու կրկին դառնալ սպառնալիք, այնպես, որ երաշխավորվենք Իսրայելի և տարածաշրջանի մեր մյուս դաշնակիցների լիակատար անվտանգությունը և հոգ տանենք նրանց մասին, ովքեր մեզ հետ միասին պայքարել են «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ»:

Անցած ամիս, մինչդեռ, անակնկալ հայտարարելով, թե դուրս է բերում ամերիկյան զորքը Սիրիայից, նախագահ Թրամփը Վաշինգտոնի դաշնակից քրդերին պաշտպանելու մասին որևէ ակնարկ չէր արել, ավելին՝ պնդել էր, թե «Իսլամական պետությունը» ջախջախված է, Թուրքիան էլ խոստացել է այդ պայքարն ավարտին հասցնել:

«Նախագահ Էրդողանն ինձ հավաստիացրեց, որ արմատախիլ կանի Սիրիայում այն, ինչ մնացել է «Իսլամական պետությունից»: Նա այն մարդն է, որ կարող է դա անել, բացի այդ, Թուրքիան Սիրիայի հենց կողքին է», - շաբաթներ առաջ Թվիթերում գրել էր Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով․ - «Մեր զորքերը տուն են վերադառնում»:

Հայտարարությունից օրեր անց, սակայն, ակնհայտ դարձավ, որ ամերիկացի զինվորների վերադարձը այդքան էլ շուտ չի լինելու. Միացյալ Նահանգների դաշնակիցներն ու երկրի ներսում Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները սկսեցին զգուշացնել՝ հենց ամերիկացի զինվորները դուրս գան Սիրիայից, թուրքական բանակը կթիրախավորի տեղում՝ իր սահմանից ոչ հեռու ինքնավարության ձգտող քրդերին, որոնց հետ Նահանգները դաշնակցում էր ահաբեկչության դեմ պայքարում:

«Մեր համոզմամբ թուրքերը չպետք է առանց Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնելու որևէ ռազմական գործողություն իրականացնեն», - նախօրեին Իսրայելում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ավելի վաղ՝ անցած ուրբաթ էլ պետքարտուղար Մայք Փոմթեոն էր անդրադարձել այս թեմային, շատ ավելի կոշտ ու բաց տեքստով․ - «Մենք անշուշտ իրագործելու ենք Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու՝ նախագահ Թրամփի որոշումը, բայց նաև կյանքի ենք կոչելու մյուս բոլոր դրույթները, որ նախագահը առանձնացրեց: Մենք պետք է վստահ լինենք, որ թուրքերը չեն կոտորի քրդերին, որ կրոնական փոքրամասնությունների իրավունքները կպաշտպանվեն»:

Ավելին, երբ ամերիկացի լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյոք Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը վստահելի է որպես դաշնակից, պետքարտուղարը խուսափել էր ուղիղ պատասխանից:

«Դեռևս մի շարք հարցեր կան, որոնց շուրջ մենք կարող ենք թուրքերի հետ աշխատել: Ամերիկայի և մեր անվտանգության համար կարևոր մի շարք հարցերում նրանք շատ են աջակցում, բայց կան նաև խնդիրներ, որոնց շուրջ մենք դեռևս տարաձայնություններ ունենք: Ամերիկայի մի շարք քաղաքացիներ դեռ թուրքական բանտերում են պահվում», - նշել էր նա:

Անկարայում ընդգծված զայրույթով են արձագանքել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այս հայտարարություններին:

«Մենք պայքարում ենք ոչ թե քրդերի, այլ՝ ահաբեկիչների դեմ», - պնդել է նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը՝ ակնհայտ դարձնելով, որ Ջոն Բոլթոնի բանակցությունները Անկարայում հեշտ չեն անցնելու: Նախագահական պալատը, մասնավորապես, ընդգծել է, որ ահաբեկիչ է համարում ոչ միայն Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին, այլև Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումներիին, որոնց անվտանգությունը Վաշինգտոնը փորձում է երաշխավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG