Մատչելիության հղումներ

Պատգամավոր ընտրված մարզպետներից միայն Տավուշի և Շիրակի մարզպետները կշարունակեն գործունեությունը ԱԺ-ում


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր ընտրված մարզպետներից ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել միայն Տավուշի և Շիրակի մազպետները: Վահե Ղալումյանը և Կարեն Սարուխանյանը այսուհետ գործունեությունը կշարունակեն օրենսդիրում:

Մինչ նոր մարզպետի նշանակումը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին կփոխարինի տեղակալը «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետը: - «Ընդհանուր թիմային որոշում էր: Աշխատանքը նպատակահարմար գտանք Ազգային ժողովում», - հավելեց նա:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը օրենսդիրում էլ կշարունակի բարձրացնել մարզին առնչվող խնդիրները: Իսկ ով կլինի Շիրակի նոր մարզպետ՝ տեղեկություններ չունի, ինքը ևս լսել է շրջանառվող անունները՝ այդ թվում «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային ցուցակով պատգամավոր առաջադրված, բայց չընտրված Տիգրան Պետրոսյան և ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

«Որոշումը թիմային է եղել, քննարկումների արդյունքում», - նշեց Սարուխանյանը: - «Ցանկացած պարագայում՝ իմ աշխատանքի հիմնական ուղղվածությունը Շիրակի մարզի խնդիրների վրա է լինելու: Այս 6 ամիսների ընթացքում հասցրեցի բավականաչափ տեղեկանալ, թե մարզում ինչ խնդիրներ կան և հիմա հնարավորություն կընձեռվի այդ խնդիրների մասին բարձրաձայնել նաև օրենսդիրում»:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով տարածքային ցուցակներով Շիրակի մարզում ամենաշատ ձայն ստացած թեկնածուն էր, ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, հավանաբար աշխատանքը կշարունակի գործադիրում: Ցոլակյանը, ով նախկինում նաև Շիրակի մարզպետ է եղել, հերքում է լուրերը, թե ինքը Շիրակի մարզպետի պաշտոնում քննարկվող թեկնածուների շարքում է:

Տիգրան Պետրոսյանն այս փուլում նպատակահարմար չի համարում խոսել հնարավոր առաջարկի մասին, ասում է՝ պատրաստ է իր նպաստը բերել Հայաստանում դրական փոփոխություններին: Թե դա ինչպես և ինչ պաշտոնում կլինի՝ առաջարկում է սպասել պաշտոնական տեղեկատվությանը:

«Եթե առաջարկ կլինի՝ մենք պատրաստ ենք քննարկելու այդ առաջարկը, որովհետև պատասխանատվությունը Շիրակի մարզի համար՝ Հայաստանի ամենապրոբլեմատիկ մարզերից մեկի համար, շատ մեծ է: Դա մենք շատ լավ գիտակցում ենք և պատրաստ ենք այսօր քննարկելու բոլոր հարցերը», - նշեց Պետրոսյանը:

«Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով 20 հազարից ավելի ձայն ստացած Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հստակեցնում է՝ մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը նշանակում է, որ գործունեությունը շարունակելու է մարզպետի պաշտոնում: Պետրոսյանը չի կարծում, որ անկեղծ չի եղել ընտրողների հետ, երբ նրանցից քվե է ստացել օրենսդիրում աշխատելու համար, բայց շարունակում է մնալ գործադիրում․- «Քարոզարշավին, շփվելիս մեր քաղաքացիների հետ, ես առանձնահատուկ կերպով շեշտել եմ, որ պառլամենտական կառավարմամբ երկրում թիվ մեկ քաղաքական գործընթացը դա Ազգային ժողովի ընտրություններն են և Ազգային ժողովի ընտրություններին դուք կուսակցություններին, դաշինքներին և նաև ռեյտինգային ընտրակարգով կոնկրետ գործիչներին ձայն տալով՝ անհրաժեշտաբար չեք պատվիրակում իրենց աշխատելու միայն օրենսդիր դաշտում: Դուք ձայն եք տալիս այն քաղաքական ուժին և գործչին, ում հանձնարարում եք առաջիկա 5 տարին կառավարելու մեր երկիրը»:

Բացի Կոտայքից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաև Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու և Արագածոտնի մարզպետները: նրանք բոլորը առաջադրվել էին ոչ միայն համամասնական, այլ նաև տարածքային ցուցակներով՝ ստանալով բավականին բարձր ձայներ: Մարզպետներից չէին առաջադրվել միայն Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նրանք երկուսն էլ անկուսակցական են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG