ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպելու է Ներկայացուցիչների տան ղեկավարների հետ և քննարկելու է բյուջեի խնդիրը:
Դաշնային կառավարության ֆինանսավորումը մասնակի սառեցվել է, քանի որ Թրամփը օրենսդիրներից պահանջում է բյուջեի նախագծում ներառել ավելի քան 5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:
Դեմոկրատները դեմ են այդ առաջարկին: Նրանք երեկ՝ նորընտիր Ներկայացուցիչների տան առաջին իսկ նիստում, հաստատել են բյուջեի նախագիծը, ըստ որի պատի ծրագրին տրվում է 1 միլիարդ 300 միլիոն դոլար:
Թրամփն անդրադարձել կոնգրեսի այդ պալատի պաշտոնում Նենսի Փելոսիի ընտրությանը:
«Նախ ուզում եմ շնորհավորել Նենսի Փելոսիին խոսնակ ընտրվելու կապակցությամբ: Դա շատ մեծ նվաճում է: Հուսամ, մենք կկարողանանք միասին աշխատել, մենք շատ անելիք ունենք՝ մեր երկրի ենթակառուցվածքը, այլ հարցերը: Գիտեմ, որ դեմոկրատականները դրան են ձգտում, ես էլ եմ դա ուզում, ուրեմն, մենք կարող ենք միասին շատ բաների հասնել: Կարծում եմ, կստացվի, չի լինի այնպես, ինչպես ոմանք են պատկերացնում: Ուստի, շնորհավորում եմ Նենսիին, մեծ, շատ մեծ նվաճում է», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը պնդում է, որ պատ կառուցելու իր առաջարկը շատ կարևոր է երկրի անվտանգության համար: Երեկ նա Թվիթերում գրել է․ «Կառուցե՛լ պատը»:
Մինչդեռ նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների տանը հստակ մեծամասնություն ապահոված դեմոկրատականներն այսօր կայանալիք հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ, չեն զիջի:
«Պատ չի լինի», - երեկ ասել է Ներկայացուցիչների տան խոսնակ ընտրված Նենսի Փելոսին:
Նա պատի բուն գաղափարն անբարոյական է համարում․ - «Մենք պատը չենք կառուցի, մեկնումեկը կասկած ունի՞, որ չենք կառուցի: Սա կապ չունի քաղաքականության հետ: Պատը երկրների միջև անբարոյականության հարց է, դա հին մտածելակերպ է: Դա նաև ոչ արդյունավետ գաղափար է»:
Իսկ Թրամփի պնդմամբ, պատը պետք է կառուցել Միացյալ Նահանգներն ապօրինի միգրանտներից և թմրադեղի ներմուծումից պաշտպանելու համար․ - «Ուզում եք պատ անվանեք, ուզում եք արգելապատնեշ, խոչընդոտ, ինչ կուզեք, բայց մեր երկրին պաշտպանություն է պետք: Եվ մենք դա կապահովենք: Մեր երկրի ժողովուրդն ուզում է դա: Ես երբեք մարդանց կողմից պատի կառուցման, սահմանների հոսկողության հարցում այդչափ աջակցություն չեմ ստացել, որքան անցյալ շաբաթ տեղի ունեցած հանդիպումներում», - ասել է նախագահը:
2016 թվականի նախագահական ընտրարշավի օրերին նա հայտարարել էր, որ հենց Մեքսիկային կստիպի ֆինանսավորել պատի կառուցումը: Մեքսիկայի նախագահ Պենյա Նետոն անմիջապես բացառել է այդ հնարավորությունը և Թրամփի առաջարկն անվանել է վիրավորանք մեքսիկացիների հասցեին:
Այսօրվա դրությամբ, ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցումը շարունակվում է: