ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կմեկնի Իսրայել և Թուրքիա:
Թվիթերում տեղադրած գրառմամբ, Բոլթոնը հայտնել է, որ «օրակարգում Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի թշնամական կեցվածքին հակազդելու հարցերն են»:
Բացի այդ, Բոլթոնը մտադիր է քննարկել «Իսլամական պետություն» զինյալ շարժման հնարավոր վերականգնումը կանխելու ուղիները:
Բոլթոնին ուղեկցելու է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:
Վերջին օրերին նախագահ Թրամփը փոքր-ինչ վերախմբագրել է իր հայտարարությունը Սիրիայից ամերիկյան զորքն արագ դուրս հանելու մասին:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ասել է, թե Թրամփն ամեն բան կանի զորքը դուրս հանելուց հետո Թուրքիայի բանակի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Քրդական ինքնապաշտպանության ջոկատների բախումները կանխելու համար:
Անկարան դրանք համարում է ահաբեկչական ջոկատներ, որոնք պետք է ոչնչացվեն:
Գրեհեմի փոխանցմամբ, Թրամփն Անկարային հավաստիացրել է, որ Թուրքիան Սիրիայում կունենա բուֆերային գոտի սեփական շահերը պաշտպանելու համար:
Մինչդեռ, Իսրայելին ամերիկյան զորքի դուրսբերումը մտահոգում է այն առումով, որ դրանից հետո Իրանը նորից կփորձի տարածաշրջանում ամրապնդել ներկայությունը և ակտիվ գործունեություն ծավալել: