Մատչելիության հղումներ

Թատրոնի հիմնախնդիրները տարիներ ի վեր մնում են չլուծված


Բացի պետական բյուջեից, չկան ֆինանսավորման նոր աղբյուրներ, շարունակում է չնչին մնալ դերասանների աշխատավարձը, թատրոնների գեղարվեստական ղեկավարները շարունակում են դժգոհել հայ ժամանակակից պիեսների բացակայությունից, իսկ դրամատուրգները, իրենց հերթին, բողոքում են գեղարվեստական ղեկավարների «անտարբերությունից ու անտեղյակությունից»:

Անշուշտ, դրական տեղաշարժ ևս կա: Նախ, նոր, երիտասարդ սերունդ է գալիս թատրոն՝ իր հետ բերելով նոր շունչ: Նոր մտածողությամբ հանդիսատես է գալիս թատրոն, ինչը չի կարող չազդել թատերական կյանքի զարգացումների վրա:

Յուրաքանչյուր թատրոն փորձում է այս կամ այն կերպ լուծել իր խնդիրները:

Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյան․ - «Մենք քսան տարի էս թատրոնում ենք և գիտենք էս թատրոնի ամեն մի հիվանդության պատճառները, շատ լավ գիտենք, թե ինչ է պետք էս թատրոնին»:

Իսկ Համազգայինի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը նշեց, որ իրենք հաճախ են անդրադառնալու ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործություններին․ - «Առաջիկա պրեմիերան կլինի հենց հայ ժամանակակից դրամատուրգ Սառա Նալբանդյանի «Պատերազմի խաղալիքները» պիեսը՝ ըստ մեր՝ Արման Նավասարդյանը, Վարշամ Գևորգյանի և իմ, պատմությունների»:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, անվանի ռեժիսոր Ռուբեն Բաբայանը համոզված է, որ ոլորտի իրական զարգացման ուղղությամբ լուրջ անելիք ունի պետությունը՝ ոչ միայն և ոչ այնքան պետբյուջեից ֆինանսավորելով, որքան ֆինանսավորման և թատրոնների գործունեության կարգավորման համար օրենսդրական կարգավորումներ սահմանելով:

Բաբայանը հուսով է, որ նոր Հայաստանում կընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք շարժիչ դեր կկատարեն հայ թատրոնի զարգացման համար․ - «Կարևորը, որ ընտրված պատգամավորները, երբ ընդունում են որոշակի ոլորտի մասին որոշումներ, փորձեն այդ այդ ոլորտի մասնագետների հետ խոսել»:

Նրա կարծիքով, խնդիրների լուծման շատ պարզ ու դյուրին ճանապարհ կա՝ միմյանց լսելը․ - «Ես կարծում եմ, որ մենք՝ մտավորականներս ճանապարհ ունենք՝ միշտ հրապարակայնորեն բարձրաձայնել բոլոր պրոբլեմները»:

«Մշակույթը մեր դեմքն է, մեր անձնագիրն է․․․ դու պարտավոր ես այդ դեմքը պահել, զարգացնել, որպեսզի քո արժանի տեղը միշտ պահպանես: Սա կարևորագույն խնդիր է: Այ, ինչպե՞ս լուծել, ի՞նչ մեխանիզմներով․․․ Սա մեր պետությունում այսօր բացակայում է և բացակայել է միշտ, որովհետև մեր օրենքները տարբերություն չեն դնում՝ դու նրբերշի՞կ ես արտադրում, ե՞րգ ես գրում, ներկայացո՞ւմ ես բեմադրում, թե՞ գիրք ես գրում: Նույն օրենքներն են գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG