Մատչելիության հղումներ

Յունկերը կասկածի տակ է դնում ԵՄ-ն ղեկավարելու Ռումինիայի կարողությունը


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, արխիվ, Բրյուսել, 17 դեկտեմբերի, 2018թ.
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, արխիվ, Բրյուսել, 17 դեկտեմբերի, 2018թ.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կասկածի տակ է դրել գալիք տարվա հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունը հերթագայության կարգով կես տարով ստանձնելու` Ռումինիայի հնարավորությունը:

Welt am Sonntag գերմանական պարբերականին տված հարցազրույցում Յունկերն ասել է, որ «Ռումինիան տեխնիկապես լավ է պատրաստվել, սակայն կառավարությունը Բուխարեստում դեռ լիովին չի գիտակցում, թե ինչ է նշանակում նախագահել Եվրոպական միությունում»:

Ռումինիան 2007 թվականին Եվրամիությանն անդամակցելուց հետո առաջին անգամ է ստանձնում նախագահությունը:

Յունկերի փոխանցմամբ, «նախագահությունը պահանջում է ուրիշներին լսելու և սեփական շահը հարկ եղած դեպքում ստորադասելու կարողություն»:

Յունկերը նաև կասկածի տակ է դնում նախագահության առաքելությունը ստանձնելու կարողությունը մի երկրում, որն ունի լուրջ ներքին խնդիրներ:

«Անհրաժեշտ է ներսում ունենալ միասնություն՝ նախագահության ընթացքում նաև Եվրոպական միության միասնությունն ամրապնդելու համար»,- ասել է Յունկերը:

2018 թվականի նոյեմբերին Ռումինիայի նախագահ Կլաուս Իոաննիսն ասել է, որ իր երկիրը պատրաստ չէ նախագահել միությունում:

Նա այդ առումով նշել է Ռումինիայում ամենաազդեցիկ քաղաքական գործչին՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դրագնեային առնչվող խնդիրը:

Դրագնեան մեղադրվել է ընտրակեղծիքների համար և դրա արդյունքում չի կարողացել ստանձնել վարչապետի պաշտոնը:

Լրատվական գործակալությունները նշում են, որ դրանից հետո Ռումինիայի նախագահն ավելի լավատեսական կարծիքներ է հայտնել երկրի ներքաղաքական կացության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG