Մատչելիության հղումներ

Մոսկվան և Անկարան համակարգելու են քայլերը Սիրիայից ԱՄՆ զորքի հեռանալուց հետո


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են համակարգել գործողությունները Սիրիայից ամերիկյան զորքի նախատեսված հեռացումից հետո: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին թուրք պաշտոնյաներին այսօր հանդիպելուց հետո հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Բնականաբար, մենք հատուկ նշանակություն ենք տալիս նոր հանգամանքներին, որոնք բխում են Սիրիայից զորքը դուրս բերելու մասին ամերիկյան կողմի որոշումից», - հայտարարել է Լավրովը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ, ըստ «Անադոլու» գործակալության, ասել է, որ Անկարան և Մոսկվան «հետապնդում են Սիրիայի տարածքն ահաբեկչական կազմակերպություններից ազատելու միացյալ նպատակը»:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հարցում սերտորեն համագործակցելու է Ռուսաստանի և Իրանի հետ:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրերս տեղեկացրել է, որ Վաշինգտոնն առաջիկայում դուրս է բերելու Սիրիայում տեղակայած մոտ 2 հազար զինծառայողներին: Այդ անակնկալ որոշումը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծել Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության համար և անհանգստացրել է Միացյալ Նահանգների դաշնակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG