Մատչելիության հղումներ

Լարսում շուրջ հազար ավտոմեքենաներ, ավտոբուսներ են կուտակվել


Ավտոմեքենաներ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արմեն Փամբուկչյանն «Ազատության» հետ զրույցում ցամաքային ճանապարհով Ռուսաստան մեկնել ցանկացողներին հորդորեց առայժմ չընտրել Լարսի ճանապարհը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում այսօր ժամը 16-ի դրությամբ կան կուտակված 630 մարդատար, 335 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս:

«Երբ որ ճանապարհը մաքրվի, ու մենք հասկանանք, որ արդեն իրենք բաց են թողնում, նոր էդ ժամանակ կողմ կլինեմ, որ մարդիկ, եթե ցանկություն ունեն, գնալ ցամաքային ճանապարհով Հայաստանից դեպի Լարս: Իսկ հիմա, այս պահի դրությամբ, մեծ վտանգավորության կա, այսինքն՝ իրենք նույնպես գնան՝ ճանապարհին կանգնած մնան, քանի որ, նշեցի, ճանապարհի հետ կապված խնդիր կա», - ասաց Փամբուկչյանը:

Փոխնախարարը նշում է, որ այսօր արդեն թարմ տեղեկատվություն է ստացել վրացական կողմից։ Ըստ այդմ՝ վրացական կողմում ձնահոսքի վտանգ կար, ինչի պատճառով չէին կատարվել մաքրման աշխատանքներ․ - «Քանի որ մարդկային կյանքի վտանգավորության ռիսկեր կար բարձր, ու մեքենաներին այդ պատճառով չէին թողնում: Հիմա ես ունեմ թարմ ինֆորմացիա՝ մոտ 50 րոպե առաջ ասել են, որ արդեն ճանապարհը մաքրվում է վրացական կողմում, և ամենայն հավանականությամբ՝ այսօր գոնե մարդատարներին բաց կթողնեն: Եթե այլ ռիսկեր ի հայտ չգան, չնայած ոնց որ թե եղանակը արդեն կարգավորվել է, իրենք բաց կթողնեն մեքենաներին: Իրենք միշտ առաջնահերթ մարդատարներին են բաց թողնում, քանի որ էնտեղ տարբեր, երեխաներ են լինում և այլն, մարդատարները ունեն առաջնահերթություն: Մարդատարներին բաց կթողնեն, որից հետո արդեն՝ բեռնատարներին»:

Հայաստանի քաղաքացի Օնիկ Պապոյանը Լարսում է արդեն երեք օր՝ Ռուսաստանից բարեկամի դիակն է տեղափոխում Հայաստան։ «Էստեղ երեք դիակ կա, պատկերացրեք՝ մարդիկ, չորս օր է էստեղ ենք, երկու օր է՝ էդ մարդիկ մահացել են, հույս, ոչ մի բան չեն տալիս: Գոնե փորձեն МЧС-ի միջոցով [Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության] դիակները տեղափոխեն: Պատկերացնո՞ւմ եք՝ մենք Նոր տարի էստեղ մնում ենք, ու՝ դիակներով: Մարդիկ էնտեղ, հարազատները էնտեղ, ամեն մեր հարազատները սպասում են, բայց մենք՝ էստեղ, սենց, հույսով, ամեն վայրկյան որ․․․», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Պապոյանը՝ շարունակելով․ - «Աննորմալ վիճակ է, մինչև Վլադիկավկազ հերթ է՝ 50 կիլոմետր, պատկերացրեք՝ նույնիսկ Վլադիկավկազից էլ էս կողմ չեն թողնում գա: Ոչ մի կոնկրետ բան չեն ասում, մարդկային ոչ մի օգնություն չեն տալիս»:

Հայաստանի քաղաքացին ասաց՝ տեղեկացրել են, որ այսօր երեկոյան արդեն կարող են առաջ շարժվել․ - «Ասել են՝ հույս ունենք, որ ժամը 6-ի կողմերը բաց կթողնեն»:

Օնիկ Պապոյանը նշում է, որ իր նման շատերն են մնացել Լարսում՝ առանց սննդի և անհրաժեշտ միջոցների: «Ոչ բենզին են թողում իջնենք վերցնենք, ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան: Ասում են՝ կբերի МЧС-ը կբաժանի, իրենց տաքսիներին փող ենք տալիս, որ գնանք իրենց տաքսիներով բենզին վերցնենք, գանք: Ընդհանրապես ոչ մի ձևով չեն օգնում: Փորձում են, ասում են, մեր հյուպատոսարանից է գալիս, Ռոստովից՝ «կօգնենք, սենց կանենք, նենց կանենք», բայց ոչ մի հարցով ոչ ոք ոչ մի օգնություն չի տվել: Իրանք էստեղ բիզնես են անում, փող են աշխատում, պատկերացրեք ոնց է՝ մի երկու հատ խանութ է, ոնց ուզում վաճառում են, զուգարանները՝ փողով, ամեն ինչը՝ փողով: Դեռ մերը նորմալ է, շատ-շատերը ոչ բենզին ունեն, ոչ հաց ունեն, ոչինչ չունեն», - պատմեց Հայաստանի քաղաքացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG