2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ամանորյա շնորհավորական ուղերձում:
«Չնայած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով առատ իրավիճակին, այդուհանդերձ Պաշտպանության բանակը ոչ միայն ի զորու եղավ պատվով կատարել իր գլխավոր առաքելությունը, այն է՝ ապահովել հարազատ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունը, այլև մարտական խնդիրների կատարմանը զուգահեռ շարունակեց կատարելագործել սեփական շարքերի մարտավարամասնագիտական հնարավորություններն ու ռազմատեխնիկական ներուժը», - ասված է ուղերձում, որ հրապարակել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Անցնող տարում ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել բանակային առաջնագծի ամրապնդմանն ուղղված գործընթացների համալիրը: Հետևողական աշխատանք է տարվել մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, դիրքապահ անձնակազմի անվտանգության բարձրացման, տեսադիտարկման համակարգերի տեղադրման և նպատակային կիրառման, մերձճակատային ճանապարհների և ինժեներաամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ», - նշում է Աբրահամյանը՝ շարունակելով․ - «Տարվա բանակային առաջնահերթություններից է եղել զինված ուժերի կառավարման համակարգի համապատասխանեցումը ժամանակակից ռազմական պահանջներին: Այդ իսկ նպատակով բանակի ղեկավար կազմի և բոլոր օղակների հրամանատարների ներգրավմամբ անց են կացվել համաբանակային կարևորության տարաբնույթ տեսական ու գործնական պարապմունքներ, հրամանատարաշտաբային ու մարտավարական զորավարժություններ: Հատկանշական է, որ այդ զորավարժությունների մարտական հրաձգության փուլում շատ հաճախ կիրառվել են ընթացիկ տարում բանակի զինանոցը համալրած նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ հայրենական արտադրության հատուկ նշանակության տեխնիկական միջոցներ»:
«Արցախի զինված ուժերում, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում են եղել անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության և զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Դրանք առավելապես իրականացվել են մեր ազգային առանձնահատկությունների հաշվառումով և, որ շատ կարևոր է՝ Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի կերտած հերոսական դասերը անձնակազմի շրջանում տարածելով: Այս գործընթացում անկասկած մեծ էր նաև հայ հասարակության ցուցաբերած սրտացավ վերաբերմունքը սեփական զինուժի հանդեպ, որն իր դրսևորումը գտավ «բանակ-հասարակություն» կապի շրջանակում կազմակերպված բազմաթիվ նախաձեռնություններում», - ասված է ուղերձում:
«Բանակային տարվա կարևոր ձեռքբերումներից է նաև զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվածը: Հարյուրավոր զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, օգտվել օրենքով սահմանված սոցիալական տարբեր ծրագրերից», - նշում է Պաշտպանության բանակի հրամանատարը:
«Գալիք 2019 թվականը մեզնից յուրաքանչյուրի համար լինելու է կիսատ թողածը շարունակելու և նոր մտահղացումներն իրականություն դարձնելու բավականին պատասխանատու շրջան», - վստահեցնում է Կարեն Աբրահամյանը:
Արցախի պաշտպանության նախարարը ջերմորեն շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին, հայրենիքի ազատության համար մարտիրոսված զինվորների հարազատներին և ողջ հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: