Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյան․ 2018-ի փոփոխությունները հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի


ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյան, արխիվ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյան, արխիվ

2018 թվականը շատ բուռն էր իր կտրուկ փոփոխություններով, որոնք, հավատացած է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, «հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի` դրանով նպաստելով մեր երկրի սահմանների խաղաղությանն ու անդորրին»: Այս մասին ասված է Դավթյանի ամանորյա շնորհավորական ուղերձում, որ հրապարակել է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գեներալներին, սպաներին, ենթասպաներին, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներին և ծառայողներին հղած ուղերձում ԶՈւ ԳՇ պետը նշում է, որ «տարին հագեցած էր իրադարձություններով` փոքր ու մեծ ձեռքբերումներով»: «Մեկնարկեց բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որի իրագործման արդյունքում զինված ուժերը կհագենան սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր և կարևորը` արդիական ձեռքբերումներով: Այս համատեքստում կարևոր իրադարձություն էր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտ ամսին անցկացված ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը` նվիրված ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը, մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանը, նոր կապերի ստեղծմանն ու հատկապես սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայրենական արտադրության ցուցադրմանը: Ուրախալի փաստ է այն, որ հենց հայրենական արտադրության հեռակառավարվող սարքերի որոշ տեսակներ արդեն իսկ կիրառվում են առաջնագծում` զինվորին հնարավորինս զերծ պահելով անմիջական կրակի վտանգից», - ասված է ուղերձում:

«Զինված ուժերի կենսունակության ապահովման կարևոր գրավականներից են դեռ 2017 թվականին ներդրված և 2018 թվականից իրագործվող ժամկետային այլընտրանքային ծառայության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք նախընտրելի դարձան հարյուրավոր երիտասարդների համար», - նշում է գեներալ-լեյտենանտը:

«Անցնող տարին հարուստ էր զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներով: Այդ առումով հատկապես պետք է առանձնացնել «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի շրջանակներում «Տանկային բիաթլոն» մրցույթում հայ տանկիստների փայլուն ելույթը, առաջին անգամ Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցույթը, արդեն 2-րդ անգամ անցկացվող «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, զորամիավորումների զորամասերում, զորավարժարաններում շտաբային զորավարժությունները, մարտական հրաձգությամբ մի շարք զորավարժություններ: Իրադարձություններ, որոնք, անխոս, նպաստում են հայ զինծառայողի` տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանը, ցանկացած իրադրությունում ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը, միջազգային հարթակներում մեր զինված ուժերի ըստ արժանվույն ներկայացմանը, պետական կառավարման համակարգի բոլոր օղակների արդյունավետ և ներդաշնակ փոխգործակցության ամրապնդմանը», - ասված է ուղերձում:

«Զինծառայողների սոցիալական ապահովմանն ուղղված մի շարք ծրագրերը, որոնք, հուսով եմ, շարունակական կլինեն, հնարավորինս կբարելավեն ու կապահովեն յուրաքանչյուրիդ բարեկեցիկ ներկան ու երաշխավորված ապագան», - նշում է Դավթյանը:

«Ժողովրդի կամքով արտահայտված նոր խորհրդարանի ձևավորմամբ 2019 թվականին մեր պետությունը թևակոխելու է զարգացման նոր փուլ: Անկանխատեսելի են հակառակորդի գործողությունները, և հնարավոր է, որ նա փորձի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Այդ ամենի կանխումը հենց մեր զինված ուժերի խնդիրն է: Պիտի լինենք զգոն և համախմբված: Պիտի լինենք ուժեղ, որ չլինի պատերազմ...», - շեշտում է ԶՈւ ԳՇ պետը:

«Շնորհակալություն եմ հայտնում սահմանին կանգնած զինծառայողներին: Խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև` շնորհակալություն նաև նրանց ընտանիքներին: Կորուստները չպետք է վհատեցնեն և թուլացնեն, այլ պետք է համախմբեն և, եթե դրանք եղել են թերացումների ու սխալների հետևանքներ, ապա դառը փորձը պետք է ավելի բարձրացնի զգոնությունն ու պատասխանատվությունը», - ասված է Արտակ Դավթյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG