2013 թվականին Բոստոնում ավանդական մարաթոնի օրն ահաբեկչական պայթյուն կազմակերպելու մեղադրանքով մահապատժի դատապարտված Ջոխար Ցարնաևը բողոքարկել է դատավճիռը:
Դատապարտյալն իր դիմումում պնդում է, որ հնարավոր չէր արդար դատավարություն իրականացնել այն քաղաքում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունը:
Ցարնաևի փաստաբանները Բոստոնի բողոքարկման դատարան փոխանցած դիմումում ընդունել են, որ իրենց պաշտպանյալը և նրա ավագ եղբայրը՝ Տամերլան Ցարնաևը իրականացրել են ահաբեկչական գործողությունը, որի ընթացքում սպանվել է երեք և վնասվածք է ստացել ավելի քան 260 մարդ: Միաժամանակ, փաստաբանները նշել են, որ մամուլի կողմից այդ իրադարձության ակտիվ լուսաբանումը, այդ թվում «սրտաճմլիկ պատմությունները ողբերգության և տուժածների մասին ազդեցություն են գործել երդվյալ ատենակալների կարծիքների վրա»: «Այս գործը չպետք է ընդհանրապես լսվեր Բոստոնում», - հայտարարել է Ցարնաևի փաստաբաններից մեկը:
Ծագումով չեչեն Ջոխար Ցարնաևը պահվում է Կոլորադո նահանգի Ֆրոլերենս ավանի խիստ ռեժիմի բանտում: Նրա եղբայրը՝ Տամերլանը, սպանվել է ահաբեկչության օրը՝ ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում: