Մատչելիության հղումներ

Վիզային ռեժիմի ազատականացումից հետո Եվրոպայում ճամփորդել են Վրաստանի քաղաքացիների մոտ 10 տոկոսը


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․
Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Հարավկովկասյան երկրներից միայն Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի, ազատորեն մեկնել Եվրոպա՝ երեք ամիս հանգիստ ճամփորդել Եվրամիության անդամ երկրներով, Շենգենյան տարածքով: Այս վերաբերմունքին Թբիլիսին արժանացել է 2017 թվականի մարտից՝ Եվրամիության հետ ասոցացման ու առևտրային պայմանագիրը ստորագրելուց հետո:

Տարեվերջին ամփոփվում են որոշ տվյալներ: Եվրոպական պատուհանը, կամ ավելի ճիշտ՝ դուռը բացվելուց հետո դրանից օգտվել են Վրաստանի 339 հազար 255 քաղաքացիներ: Վրաստանի բնակչությունը 3 միլիոն 700 հազար է կազմում, այսինքն՝ բնակչության մոտավորապես 10 տոկոսը առանց վիզայի մեկնել է Եվրոպա: Ամենաշատը նրանք մեկնում են Գերմանիա՝ մոտավորապես 136 հազար մարդ, վրաստանցիների նախընտրած երկրորդ երկիրը Իտալիան է, հետո՝ Հունաստանը, Լեհաստանը, Իսպանիան: 2018 թվականի տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիները միայն բանկային քարտերով Եվրոպայում ծախսել են 600 միլիոն դոլար:

Վիզային ռեժիմի ազատականացումը նաև որոշ խնդիրներ է ստեղծել, մասնավորապես՝ ավելացել է Եվրոպայում մնալ ցանկացողների թիվը: Վրաստանի հազարավոր քաղաքացիներ դիմել են դրսում՝ հատկապես Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար: Տասնյակ քաղաքացիներ վտարվել են եվրոպական երկրներից: Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններում Եվրամիության պաշտոնյաները դրա վրա ուշադրություն են դարձնում՝ հորդորելով, որ քայլեր ձեռնարկվեն նման երևույթները բացառելու, կրճատելու համար:

Եվրոպայում վրացիների վերջին արկածների մասին «Գրուզիա օնլայն»-ը հաղորդում է, որ Իտալիայում Սուրբ Ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին վագրը կծել և լրջորեն վնասել էր Վրաստանի մի քաղաքացու, ով մտել էր կրկեսի տարածք, ապա՝ վագրի վանդակը: Վրաստանի քաղաքացին լուրջ վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, ուշքի գալով՝ փորձել էր փախչել հիվանդանոցից: Ենթադրվում է, որ նա գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, գրել է «Գրուզիա օնլայն»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG