Ռուսական ալյումինային հսկա «Ռուսալ»-ը հայտարարել է, որ տնօրենների խորհուրդը նոր նախագահ է ընտրել Ժան-Պիեռ Թոմասին՝ որպես փոխզիջում ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Թոմասը նախագահ է նշանակվել այսօր և իր պարտականություններին կանցնի հունվարի 1-ից։
Նախկին նախագահ Մաթիաս Վարնիգը հրաժարական էր ներկայացրել դեկտեմբերի 26-ին՝ վեց տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո։ Նրա հրաժարականը պայմանավորվում է Միացյալ Նահանգների հետ գործարքով։
Վարնիգը ներդրումային բանկիր է, ով նախկինում աշխատել էր Արևելյան Գերմանիայի հատուկ ծառայություններում և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթ է դեռ 1990-ականներից:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը այս տարվա ապրիլին պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի մագնատ Օլեգ Դերիպասկայի և այն ընկերությունների նկատմամբ, որոնցում նա մեծ մասնաբաժին ունի:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը, այդուհանդերձ, պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությունից հետո ընդգծել է, որ Վաշինգտոնի նպատակը չէ կործանել «Ռուսալ»-ը՝ առավել ևս, որ այն հազարավոր աշխատատեղեր է ապահովում Ռուսաստանում և այլուր։
Ֆինանսների նախարարությունը վստահեցրել է, որ կհանեն պատժամիջոցները «Ռուսալ»-ի, դրա մայր ընկերություն En+-ի և «ԵվրոՍիբԷներգո» ընկերության նկատմամբ, եթե վերակազմավորման միջոցով կրճատվի դրանց բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր Դերիպասկայի բաժնեմասը: