Միացյալ Նահանգների Կոնգրեսն ու Սպիտակ տունը ակներևաբար կորցրել են հույսը, որ կարող են հաղթահարել կառավարության մասնակի «անջատումը» մինչև Նոր տարի։
Սենատի երեկվա կարճատև նիստից հետո հաջորդ նիստը նախատեսված է դեկտեմբերի 31-ին: Թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները և նախագահ Դոնալդ Թրամփը կփորձեն համաձայնության գալ՝ շարունակելու համար կառավարության ֆինանսավորումը, որը մասնակիորեն դադարեցվել է «անջատման» պատճառով, սակայն, ամենայն հավանականությամբ, համաձայնությունը հունվարի 3-ից շուտ ձեռք չի բերվի։
Դեմոկրատները 2019 թվականից մեծամասնություն կունենան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ հանրապետականները կպահպանեն մեծամասնությունը Սենատում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կառավարությունը չի վերականգնի բնականոն գործունեությունը այնքան ժամանակ, քանի դեռ դեմոկրատ կոնգրեսականները չեն հաստատել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը:
Բյուջետային ճգնաժամի պատճառով անցյալ շաբաթվանից ամերիկյան 15 նախարարություններից 9-ը՝ այդ թվում Պետքարտուղարությունը, Ներքին անվտանգության, Գյուղատնտեսության և Արդարադատության նախարարությունները, մասնակիորեն դադարեցրել են իրենց աշխատանքը: