Մատչելիության հղումներ

«Եթե երիտասարդական քաղաքականություն կա, ապա դրա մշակման պատասխանատու մարմին պիտի լինի»


Հայաստան - Երիտասարդները թավշյա հեղափոխության ժամանակ, Երևան, ապրիլ, 2018թ.
Հայաստան - Երիտասարդները թավշյա հեղափոխության ժամանակ, Երևան, ապրիլ, 2018թ.

Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում այսօր կառավարության կառուցվածքային փոփոխություններին առնչվող քննարկում էր կազմակերպվել: Նախատեսվում է Սպորտի և երիտասարդության, ինչպես նաև Մշակույթի նախարարությունները միավորել Կրթության ու գիտության նախարարությանը:

Թեև պաշտոնապես դեռ հստակ չի հրապարակվել, թե որ նախարարությունը որին ու ինչ կարգավիճակով է միավորվելու, բայց համացանցում ակտիվ քննարկում է ծավալվում: Կենտրոնի ղեկավար Արթուր Նաջարյանն ասում է, որ այն սկզբունքով, որով միավորվելու են նախարարությունները, երիտասարդները կառավարության համար առաջնահերթությունը կորցնելու են:

«Ձևավորվում է նոր նախարարություն, որի անվանումը այս պահի դրությամբ տրված է այսպես՝ Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Անունից արդեն իսկ հստակ է, որ երիտասարդություն անվանումը հստակ նախարարության անվանման մեջից դուրս է եկել, սակայն մեր հիմնական հարցը ու էստեղ խնդիրը ոչ միայն պարզապես բառախաղ խաղալն է, այլ մեզ մոտ լուրջ անհանգստություն է առաջացրել, որովհետև տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետությունում Սպորտի և երիտասարդության նախարարությունը հստակ անվանմամբ է հանդես եկել, ինչը խոսում է պետության կողմից այդ ոլորտին տրվող առաջնահերթության և կարևորության մասին։ Այս պահի դրությամբ մեզ համար, համենայն դեպս, դա ոչ միայն մշուշոտ է, այլ առհասարակ չենք տեսնում, որովհետև ոչ մի պաշտոնական հայտարարության մեջ չի ներկայացվում, թե Հայաստանում երիտասարդության ոլորտի համակարգումը այս միավորված նախարարություններից որ ոլորտի ներքո է տրվում», - նշեց Արթուր Նաջարյանը։

Երիտասարդական հարցերով փորձագետ Կարեն Տերտերյանն ասում է՝ պետք է քննարկել ոչ թե նախարարության անվանման մեջ «երիտասարդական» բառի լինել-չլինելու հարցը, այլ ռազմավարության բացակայությունը:

«Գլխավոր հարցադրումը, հիմնական հարցադրումը պետք է լինի այն, թե արդյո՞ք Հայաստանում պետք է երիտասարդական քաղաքականություն, թե՞ ոչ։ Եթե հարցի պատասխանը դրական է, այսինքն՝ Հայաստանին պետք է երիտասարդական քաղաքականություն, ապա նույն Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգով, 15-25 թվականի մեր հայեցակարգով միանշանակ էդ հարցի պատասխանը կա, որ եթե քաղաքականություն կա երիտասարդական, ապա դրա մշակման համար պատասխանատու մարմին պիտի լինի։ Քաղաքականության շարունակականությունը այսօր անորոշ է», - ասաց Տերտերյանը։

Թավշյա հեղափոխությունը հիմնականում երիտասարդութան շնորհիվ իրականություն դարձավ, ասում է քննարկման մասնակիցներից Աննա Եղոյանը, ով երիտասարդական կազմակերպության աշխատանքի բավականին երկար փորձ ունի, ու հավելում է, որ երիտասարդությունը որպես լուրջ ուժ չի դիտարկվում:

«Մենք գտնում ենք, որ պետք է ներքևից վերև այս պահանջը ձևավորվի։ Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ սա որևէ քաղաքական կամ որևէ անձնական դրդապատճառ չի հետապնդում։ Էստեղ մենք չենք խոսում պարոն կամ տիկին Ա.-ին կամ Բ.-ին աշխատանքից հանելու, պահելու, իր աթոռը պահելու, և այլն, մենք խոսում ենք ֆունկցիոնալ արեալի մասին, էդ ֆունկցիոնալ արեալի կարևորության մասին և անհրաժեշտության մասին, էդ շարունակաբար երիտասարդական քաղաքականությունը ունենալու մեր պետության օրակարգի մեջ, գուցե նույնիսկ ավելի մեծ մասշտաբով, քան եղել է մինչև 2015 թվականը» - ընդգծեց Աննա Եղոյանը։

Կառավարության կառուցվածքային փոփոխության դեմ չեն, պարզապես կարծում են, որ կառավարության ղեկավարին ճիշտ ինֆորմացիա չի հասնում։ Պատրաստ են այդ բացը լրացնել, հանդիպել, բացատրել, որ երիտասարդական ռազմավարությունը պետության համար որքան կարևոր է:

«Ես չեմ ուզում հավատալ, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը ուղղակիորեն կորոշի երիտասարդական քաղաքականությունը հանել շպրտել մի կողմ, որովհետև դա ինձ համար արդեն հարցի շատ ավելի լուրջ կողմն է, որն ընդամենը էսպես սեղանի շուրջ նստելով հարց չի լուծվելու։ Մեզ համար կառուցվածքային ձևը, ֆուտլյարը, իրա կերպարը էական չէ՝ դեղին շենքում, պադվալում, սիրուն շենքում, միավորված նախարարությունների շենքում է թե առհասարակ շենք չունենք, պալատկեքի մեջ է, կարևորը բովանդակությունն է։ Թող անունը դնեն չգիտեմ առհասարակ ինչ նախարարություն ուզում է լինի, բայց եթե երիտասարդության՝ որպես առաջնահերթություն, նախարարության մեջ չի մատնանշվում, սա արդեն մեզ համար խնդիր է։ Իսկ եթե կա, մենք պատրաստ ենք միայն աջակցել։ Խնդիրը միայն դա է», - նշեց Նաջարյանը։

Մի քանի համայնքների երիտասարդական կազմակերպություններ ևս նմանատիպ քննարկումներ կազմակերպել են և իրենց մտահոգություն են հայտնել: Հունվարին նախատեսվում է հանրային մեծ քննարկում, որին և երիտասարդական կազմակերպությունները պատրաստվում են իրենց դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG