Մատչելիության հղումներ

Պետական բուհերում ձևավորվում են նոր կառավարող խորհուրդներ


Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյան

Հանրապետության 16 պետական բուհերից 11-ում կառավարող խորհուրդների ձևավորման գործընթաց է գնում:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը՝ 5 բուհերում՝ Վանաձորի, Շիրակի պետական համալսարաններում, Երևանի ագրարային, բժշկական համալսարաններում և կոնսերվատորիայում կառավարող նոր խորհուրդներն արդեն ձևավորված են, մյուս 11-ում, որոնց թվում են խոշորագույն բուհերը՝ Երևանի պետական համալսարանը, Պոլիտեխնիկը, Տնտեսագիտականը, Գեղարվեստի ակադեմիան, Մանկավարժական համալսարանը, խորհուրդները ձևավորման փուլում են:

Բուհերի կառավարող խորհուրդները ձևավորվում են 5 տարի ժամկետով: Գործող օրենքի համաձայն, դրանց անդամների 25 տոկոսը կառավարության կազմից պետք է լինեն, 25 տոկոսը կրթության և գիտության նախարարությունն է առաջադրում, 25 տոկոսը բուհի պրոֆեսորադասախոսական կազմից են և 25 տոկոսը՝ ուսանողության ներկայացուցիչները: Խորհրդի կազմը հաստատում է վարչապետը:

Քանի որ վերջին ամիսների ընթացքում փոխվել է կառավարության կազմը, բուհերի կառավարող խորհուրդներում ի պաշտոնե ընդգրկված նախկին պաշտոնյաների գործունեությունը դադարել է:

Երբ բուհի կառավարումն իրականացնող խորհրդում որևէ անդամի լիազորությունը դադարում է, ապա առավելագույնը 40 օրվա ընթացքում այդ տեղը պետք է համալրվի, սակայն Ռոբերտ Սուքիասիանի խոսքով, կառավարությունում զգալի փոփոխությունների պատճառով այդ խորհուրդների կազմի մի մեծ հատվածի լիազորությունները են դադարել, և շատ դեպքերում հնարավոր չի եղել կազմի 50 տոկոսի մասնակցությունն ապահովվել:

Այդ պատճառով նոր կառավարող խորհուրդ ձեւավորելու անհրաժեշտություն է առաջացել․ - «50 տոկոսը մենք չենք կարողանում ապահովել, իսկ դա նշանակում է, որ այդ խորհրդի նիստ հրավիրելը արդեն իրավաչափության խնդիր կլինի: Այն խորհուրդներում, որտեղ կար էս խնդիրը, մի պահ նիստեր չգումարվեցին: Էս նոր որոշումով, բնականաբար, ամեն ինչ կընկնի իր հունի մեջ»:

Իրենք բուհերից արդեն ստացել են ուսանողության եւ պրոֆերսորադասախոսական կազմի ցուցակները, և հիմա պետք է որոշվեն, թե ովքեր են լինելու կառավարոթյան ու կրթության նախարարության ներկայացուցիչները բուհերի կառավարող խորհուրդներում:

Սուքիասյանը վստահեցնում է, որ մինչև հունվարի վերջը գործընթացն ավարտված կլինի․ - «Այս պահին, ո՛չ թեկնածուի, ո՛չ խորհրդի անդամների մասին ես դեռ ասել չեմ կարող»:

Թեև Երևանի պետական համալսարանի կայքում դեռ մնում է տեղեկությունն այն մասին, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, այսօր համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ Սարգսյանը վաղուց արդեն հոգաբարձուների խորհրդի նախագահը չէ․ - «Սերժ Սարգսյանը ի պաշտոնե է եղել մեր խորհրդի նախագահը: Երբ որ նա դադարել է նախագահ լինելուց երկրի, էն ժամանակ նաև ավտոմատ հրաժարվել է․․․ այլև այդ հոգաբարձուների խորհրդում նախագահը փոխվելու է, ուրիշն է լինելու: Կընտրվի նոր հոգաբարձուների խորհուրդ, ինքը կընտրի իրեն նախագահին»:

Նախկինում հաճախ էր հնչում քննադատություն, որ բուհերը չափազանց քաղաքականացված են: Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ասաց, որ 2019 թվականին նախաձեռնելու են բարեփոխումներ ոլորտում, և օրենսդրական փոփոխությունները նաև բուհերի կառավարող խորհուրդների կազմավորմանը կվերաբերեն:

«Մենք մի քանի ամսից կներկայացնենք լրամշակված օրենքի նախագիծը բարձրագույն կրթության, որտեղ բավականին կարգավորելու ենք այս դաշտը՝ կառավարման խորհուրդ, գիտական խորհուրդ, գործադիր մարմին և պետություն: Նրանց համագործակցության ուղիները մենք պետք է խիստ կարգավորենք, որպեսզի արդյունավետությունը է՛լ ավելի բարձրանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG