Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի փոխանցմամբ, պայմանագրեր են կնքվել իսպանացի մասնագետների հետ, այդ թվում՝ Խինես Մելենդեսի, ով հունվարից մշտական բնակություն է հաստատելու Հայաստանում: Մելենդեսը Հայաստան է գալու երկու մարզիչների հետ, որոնցից մեկը մարզչական կրթության դասընթացների համար է պատասխանատու լինելու, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի հետ աշխատանքի:
«Մենք շատ մեծ հույսեր ենք կապում պարոն Մելենդեսի հետ։ Նրա առաջարկած ծրագիրը բավականաչափ լայնածավալ է, պահանջելու է մեր կողմից պահանջելու է և՛ մարդկային ռեսուրսներ, և՛ բավական մեծ ծավալի աշխատանք: Պարոն Մելենդեսը նաև աշխատելու է բոլոր ազգային հավաքականների հետ՝ 14-ից մինչև 21 տարեկան, և ընդհանուր մարզչական շտաբ է ձևավորելու», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մելիքբեկյանը:
Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը:
Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Ժեռար Պիկեն և այլք։
Մելիքբեկյանը տեղեկացրեց, որ Մելենդեսի օգնությամբ ազգային հավաքականի բոլոր մարզիչները կմեկնեն Իսպանիա, որտեղ վերապատրաստում կանցնեն։
Մելիքբեկյանն այսօր անդրադարձավ նաև մասսայական ֆուտբոլ ունենալուն։ Նրա խոսքով, Հայաստանում ընդամենը 29 բնակավայրում են զբաղվում ֆուտբոլով, ինչը շատ փոքր տոկոս է կազմում և ցուցանիշն էլ վատն է։ Ֆեդերացիան ստեղծելու է պայմաններ, որպեսզի ֆուտբոլով զբաղվեն բոլորը։
Աշխատանքները կսկսեն Վայոց Ձորից, որը միակ մարզն է, որտեղ ոչ մի ֆուտբոլային հանդիպում չի անցկացվում․ - «Այնտեղ մենք նպատակ ունենք 10-12 արհեստական խաղադաշտեր կառուցել տարբեր համայնքներում: Հետագայում այդ ծրագիրը երկրորդ փուլով ադրեն անցնելու է Գեղարքունիք, որտեղ կառուցելու ենք երկու անգամ ավելի շատ՝ 20 մարզադաշտ: Հուսանք, որ 2019 թվականի ընթացքում Վայոց ձորում և Գեղարքունիքում մեր ծրագրերը կավարտենք»:
Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահն ասաց նաև, որ նոր մոտեցում են դրսևորելու այն մարդկանց հանդեպ, որոնք ուզում են ներդրումներ կատարել հայկական ֆուտբոլում և նոր ակումբներ բացել: Խրախուսելու են մարզերում ներդումները, դպրոցների կառուցումը:
Առաջին փորձը Գորիսի հետ կլինի, որտեղ ցանկություն կա դպրոց կառուցելու, և եթե դա իրականություն դառնա, ապա այնտեղ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով կկառուցեն մեկ արհեստական խաղադաշտ։