Մատչելիության հղումներ

Արցախի ՊՆ. Հակառակորդը շարունակում է առաջնագծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարը


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Չնայած վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը՝ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ», - ասված է հաղորդագրությունում:

Արցախի պաշտպանության նախարարությունը «հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և գոնե տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին»:

Սեպտեմբերի վերջին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Հոկտեմբերին Փաշինյանը լրագրողներին ասել է, որ իր և Ալիևի միջև հուսալի օպերատիվ կապ է հաստատվել, սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է, ինչը նաև Դուշանբեի համաձայնության արդյունքն է:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը այսօր հաղորդում է նաև, որ ժամը 16-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի՝ Բաշ Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում, «ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև բարձր (ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության) ձայներ, որից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը»:

«Նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և արձանագրվում են հայ դիրքապահների կողմից», - պնդում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ ենթադրելով. - «Վերոնշյալ միջադեպի արդյունքում հակառակորդ կողմը հավանաբար կունենա կորուստներ, որոնց մասին ավանդույթի համաձայն նախընտրում է չհայտարարել: Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG