«Ազատություն»․ - Երեկ և՛ Դուք, և՛ քաղաքապետը հայտարարեցիք, որ կառուցողական համագործակցության կարմիր գծերը հատված են : Ինչո՞ւ:
Խաժակյան․ - Ես կարող եմ ասել, թե որտեղ էր, որ քաղաքապետը հատեց այդ գիծը, երբ անհարկի շահարկեց ավագանու դրամական փոխհատուցումը նվազագույն աշխատավարձի չափ, որը ստացել էր «Ելք» խմբակցությունը նախկինում, և հիմա էլ ստանում են ավագանու գրեթե բոլոր անդամները: Կարծում եմ, դա իսկապես վիրավորական էր ոչ միայն մեզ համար՝ որպես այն ավագանու անդամներ, որոնք նախկին գումարմանը ևս կային, այլև առհասարակ ավագանու համար, որովհետև երբ քաղաքապետը նման մեջբերում է անում, կարծում եմ, չափազանց էժանագին է, և չարժեր նման արտահայտություն անել և կրքեր բորբոքել:
«Ազատություն»․ - Ինքը այն ենթատեքստով էր ասում, որ վատ եք աշխատել, բայց գումարը վերցրել եք:
Խաժակյան․ - Վատ աշխատելու փաստարկներին ես իհարկե պատրաստ եմ պատասխանել: Բոլոր հիշում են, թե «Ելք» խմբակցությունը ինչպես էր աշխատում: Իսկ տրանսպորտային ծրագրի առանձին մասով ես եղել եմ այդ հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցությունը բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, որոնց զգալի մասը ընդունվել է: Ես ինչո՞ւ քաղաքապետին ասեցի, որ պատրաստ եմ կետ առ կետ դրանց շուրջ խոսել: Որովհետև վստահ եմ մեր իրավացիության և աշխատանքի մեջ:
«Ազատություն»․ - Արդյո՞ք չեք խտացնում գույները, երբ պարոն Մարությանին համեմատում եք Տարոն Մարգարյանի հետ: Ի վերջո նախկին քաղաքապետի թիկունքում Հանրապետականն էր: Նա միլիոնատեր էր, բավական վիճահարույց ճանապարհով հարստացած: Իսկ Մարությանը ընդամենը մի քանի ամսվա քաղաքապետ է:
Խաժակյան․ - Նախ թույլ տվեք ասել, որ ես անձերի միջև համեմատություն երբևէ չեմ արել․․․ Ես համեմատել եմ բյուջեները, որովհետև այս տարվա բերված բյուջեն նախորդի կրկնօրինակն էր՝ որոշակի փոփոխություններով, այն փոփոխություններով, որոնք մենք քննադատել ենք: Ես խոսել եմ գործելաոճի մասին, որ նախկինում որևէ մեկը մեզ երբևէ չէր հանդգնի ասել, թե խմբակցությանը կամ ավագանու անդամին տրված դրամական փոխհատուցումը փոշիացրել եք, ինչը որ ասեց քաղաքապետը: Որովհետև «Ելք» խմբակցությունը երկու այց կատարեց՝ Արցախ և Թբիլիս, և դա մենք կատարել ենք մեր միջոցների հաշվին, այդ փոխհատուցման հաշվին:
«Ազատություն»․ - Բայց նախկինում ծեծում էին․․․
Խաժակյան․ - Փոխվել է, շատ բան է փոխվել: Եվ մենք դրա մասին շատ ենք խոսել: Բայց դրվագ առ դրված Հայկ Մարությանը ասում և անում է բաներ, ինչպես այս դեպքը, և այնպիսի վիրավորական արտահայտություն թույլ տալիս, որը նախկինում չէր եղել:
«Ազատություն»․ - Տրանսպորտից սկսկենք: Ինչո՞վ համոզիչ չէ Ձեզ համար Հայկ Մարությանի ասածը, որ անգամ եթե փողը այսօր էլ լինի, այդ համակարգը ներդնելու համար երկու տարի առնվազն պետք է:
Խաժակյան․ - Ես կարծում եմ, որ երեկվա այդ իրարանցումը սկսվեց նրանից, որ մենք տեսակետ հայտնեցինք, որ այն պաշտոնյաները, ովքեր հիմա պետք է զբաղվեն բարեփոխումների նախագծով, ըստ էության զեկույցներին քաջատեղյակ չեն: Որովհետև երբ, օրինակ, խոսվում էր, որ այն տվյալները, որոնց հիման վրա նախագծվել է տրանսպորտային ցանցը, հին են, և պետք է նոր հետազոտություն, ես մեջբերեցի ավագանու նիստում, որ այդ հետազոտությունը արված է՝ նոր հետազոտությունը, կետային հետազոտությունը, որի արդյունքները ցույց են տալիս, որ փոփոխությունը աննշան է:
«Ազատություն»․ - Բայց ինքն ասում է, որ նոր պետք է արվի, որովհետև քսան տոկոսի շեղում կարող է լինել ուղևորահոսքի:
Խաժակյան․ - Ինքը ասում է, որ պետք է նորը արվի, որովհետև տվյալները 2013 թե14 թվականի են, պետք է դրանք փոփոխվեն: Հիմա իմ ձեռքի տակ է 2018 թվականի ապրիլի 27-ի երթուղային ցանցի վերջնական առաջարկների զեկույցը, և հանել եմ հատկապես այդ կետերը, որտեղ ասվում է, որ աղյուսակ 3-ում պատկերված է ուղևորահոսքերի համեմատականը․․․ Սրանք 2017 թվականի կետային համեմատություններն են 2013-ի հետ:
«Ազատություն»․ - Ասում են՝ փետրվարին նոր զեկույց կլինի՝ շտկումներն արած: Եվ դա այդ բրիտանական ընկերությունը պատրաստ է անվճար անել: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ:
Խաժակյան․ - Շատ լավ: Թող էդ ինչ որ ասում են, անեն: Հիմա ի՞նչն է ինձ խիստ մտահոգություն պատճառում: Այն հանգամանքը, որ ես ունեի համոզմումք, և աշխատանքային խումբը այդպիսի քննարկում էր ունեցել, որ 2019 թվականին մենք պետք է սկսենք ներդնել նոր տրանսպորտային համակարգը: Եվ եթե որևէ մեկը պնդում է, որ առնվազն երկու տարի է պետք, որ ներդրումը սկսել իրականացնել և տեսանելի լինի, նշանակում է հետաձգում է խնդրի լուծումը:
«Ազատություն»․ - Շոշափելի ապագայում կա՞ ելք այդ, ինչպես Դուք էիք ասում և Մարությանի թիմակիցները, «հուսալքության գազելներից»:
Խաժակյան․ - Ես այդ ելքը տեսնում եմ և աշխատանքների մեկնարկը տեսնում էի 2019 թվականին՝ պրակտիկ առումով, տեսանելի առումով։ Եվ եթե հիմա քաղաքապետը ասում է, որ դա լինելու է ավելի ուշ իմ նշած ժամկետներից, ես սկսում եմ մտահոգվել՝ որպես ավագանու անդամ, և կարծում եմ, որ աշխատանքները դանդաղում են:
<...>
«Ազատություն»․ - Հաջորդ աղմուկ բարձրացրած դրույթը պարգևավճարների բարձրացումն է: Այս մասով ես Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին մեջբերեմ, որ քաղաքապետարանում լավագույն դեպքում ստանում են 160 հազար դրամ աշխատավարձ, և իրենք չեն ուզում աշխատավարձը բարձրացնել, որովհետև դա խթանող չէ, մոտիվացնող չէ, մարդը, միևնույն է, գիտի, որ փողը ստանալու է՝ նույն կերպ կաշխատի, իսկ եթե լինի այս պարգևատրման համակարգը, կուզի ավելի լավ աշխատի, որ պարգևավճար ստանա: Ինչո՞ւ եք դեմ:
Խաժակյան․ - Մենք խոսում ենք աշխատողների մասին, ովքեր շփվում են քաղաքացիների հետ, ովքեր կատարում են մտավոր աշխատանք, չենք խոսում, հա՞, մեխանիկական աշխատանքի կատարման մասին, որտեղ պետք է մոտիվացիա՝ այդ աշխատանքը ավելի արագ կատարել, որ ավելի շատ եկամուտ ստանան: Մենք ինչ ենք ասում՝ ասում ենք, որ եղած աշխատավարձերը՝ 120, 140, 160, պակաս էլ կա, դրանով հնարավոր է ներգրավել համապատասխան աշխատավարձով տվյալ որակավորում ունեցող աշխատակցի: Եվ ասում ենք հետևյալը՝ որ «դուք որքան էլ որ հավելավճար նախատեսեք իրենց համար, միևնույն է՝ վերջնարդյունքում դուք ունեք այդպիսի աշխատող, եթե ուզում եք, որ աշխատողը իրականում ունենա ավելի բարձր որակավորում, ապա պետք է առաջարկեք շուկայում մրցակցային աշխատավարձ»: Որովհետև որևէ մեկին եթե առաջարկեն ցածր ֆիքսված աշխատավարձ, բայց բարձր ենթադրյալ հավելավճարներ, մարդը նախընտրելու է այն աշխատավարձը, որը կայուն է և նաև հավելավճարներ է նախատեսում:
«Ազատություն»․ - Չէ, հիմա իրենց ասածն է՝ «այսքան աշխատող ունենք, լրացուցիչ կվճարենք, եթե ավելի լավ աշխատեք, սա անեք, նա անեք»:
Խաժակյան․ - Այո, և իրենք ելակետը վերցնում են եղած աշխատողներին, ովքեր ստանում են ֆիքսված ցածր աշխատավարձ, և հասկանալի է, որ, օրինակ, իրավաբանական վարչությունում աշխատողը եթե ստանում է 110-120 հազար դրամ աշխատավարձ, ընդունվել է աշխատանքի և ունի տվյալ որակավորումը, որքան աշխատավարձը բարձրացնես, դրանից իր որակավորումը չի բարձրանա, որովհետև ինքը ավարտել է տվյալ բուհը, ունի տվյալ բազան, տվյալ պոտենցիալը, և որքան ուզում ես խթանիր, գուցե նա փորձի իր աշխատանքը ավելի լավ կատարի, բայց դրանից իր որակավորումը չի բարձրանա:
«Ազատություն»․ - Դա էլ նշանակում է հակառակը՝ այդ մարդուն հանել գործից և բարձր աշխատավարձով նորին ընդունել:
Խաժակյան․ - Դե, էսպես թե էնպես, իրենք պնդում են, որ եթե իրենց որակավորումը չբավարարի, իրենք պատրաստվում են թարմացնել կադրերին: Եվ եթե այդպես է, այդ պահին երբ փորձեն թարմացնել, կտեսնեն, որ եղած աշխատավարձային ֆոնդը այդ հնարավորությունը չի ընձեռելու: