Մատչելիության հղումներ

Վանաձորի երիտասարդները խնդրահարույց են համարում կառավարման համակարգում առաջարկվող փոփոխությունները


2019 թվականի համար «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Վանաձորում անհանգստացած են, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո երիտասարդների խնդիրները կանտեսվեն, իսկ նրանց վերաբերող արդեն իսկ սկսված ծրագրերը կիսատ կմնան։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հրապարակված նախագծով Կրթության և գիտության ու Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները կմիավորվեն:

Վանաձորում երիտասարդական մի շարք ծրագրեր իրականացրած ակտիվիստ Վահե Խաչիկյանը սա խնդրահարույց է համարում․ - «Ինչպես ա որոշվել, որ, օրինակ, սպորտը պետք է մնա նախարարության անվան մեջ, իսկ երիտասարդությունը՝ ոչ: Էդ բառը հանելով՝ ավտոմատ ասում ենք, որ երիտասարդական ոլորտը մեր համար էն առաջնայինը չի, ինչ որ կար»:

Վահե Խաչիկյանը նշում է, որ Երիտասարդական մայրաքաղաքի նախարարության կողմից անցկացված մրցույթով հաստատված կարգավիճակը ՏԻՄ մարմինների հետ համագործակցության լավ հնարավորություն կարող է ընձեռել վանաձորցի ակտիվիստներին: Մինչդեռ, ըստ նրա, վտանգ կա, թե անորոշության մեջ կմնան երիտասարդական մայրաքաղաքի շրջանակներում նախարարության կողմից հաստատված 60 միլիոն դրամի ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի․ - «Տարիներ շարունակ երիտասարդներս դիտարկվել ենք որպես միջոց․․․ ինչ-որ մեկը գալիս ա, տանում են ծափ տալու, տարում ենք ճամբար, տանում են «Բազե», տանոմ ենք համերգի: Եվ սրանով վերջանում է երիտասարդական մոտեցումը գոնե տեղական մակարդակում»:

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանն իր հերթին, շեշտելով, որ նախորդ իշխանության օրոք թղթի վրա մնացած բազմաթիվ հայեցակարգերն ու ռազմավարությունները չեն լուծել երիտասարդների խնդիրները՝ նշում է, որ երիտասարդների հարցերի համար պատասխանատու նախարարությունն անցած տարիներին պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված ծրագրեր է իրականացրել, որոնք կարող էին օգտագործվել այսօրվա գործող իշխանությունների կողմից․ - «Նախորդ իշխանությունը պարզապես ստեղծել ա գործիք: Հիմա մեր մոտ էս շփոթությունը նրանից է, որ մենք մտածում ենք, որ տարիներ շարունակ ստեղծված գործիքը, որը նախորդ իշխանությունը չէր կարողանում կիրառի և օգտագործի, մտածում էինք, որ այս իշխանությունը վերջապես կաշխատացնի, կանի, ու հիմա էս անորոշությունից մենք չգիտենք ինչ է լինելու»:

Վանաձորի մերձակա Մարգահովիտ գյուղի «Երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, Մարգահովիտ համայնքի ավագանու անդամ Էմիլիա Մարտիրոսյանը ծանրութեթև է անում՝ գուցե այս վերակազմավորումը դրական արդյունքներ բերի, բայց այսօր երիտասարդական ոլորտի տեղի պատասխանատուների մոտ անորոշություն է:

Տարիներ առաջ վարչապետի որոշմամբ պարտադիր համարվեց մարզպետարաններին կից երիտասարդական խորհուրդների ձևավորումը։ Բայց վանաձորցի ակտիվ երիտասարդները հավաստում են, որ դա եղել է ձևական և օգտագործվել է միայն քաղաքական նպատակների համար։

Այժմ Լոռու մարզպետարանում հերթական երիտասարդական խորհուրդն է ձևավորվում, բայց ոլորտում ակտիվ ներգրավված մարդկանց հավաստմամբ, այն կշարունակի ձևական բնույթ կրել, քանի դեռ վերափոխված չէ դրանց ձևավորման կարգն ու կանոնադրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG