Մատչելիության հղումներ

Մոլդովայի և Մերձդնեստրի ղեկավարները հերթական հանդիպումից հետո համատեղ կոչ են հղել միջազգային հանրությանը


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը (աջից) և Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին հանդիպում են Բենդերիում, 25-ը դեկտեմբերի, 2018թ․
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը (աջից) և Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին հանդիպում են Բենդերիում, 25-ը դեկտեմբերի, 2018թ․

Քիշնևը և Տիրասպոլը կոչ են անում միջազգային հանրությանը ակտիվացնել Մերձդնեստրի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները: Այս համատեղ կոչը հնչեց երեկ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի և Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկու հերթական հանդիպումից հետո:

Ուշագրավ է, որ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու նպատակով Մոլդովայի նախագահը ժամանել էր Քիշնևի կողմից չճանաչված Մերձդնեստրի հանրապետության տարածքում գտնվող Բենդերի քաղաք:

Իգոր Դոդոնը և Վադիմ Կրասնոսելսկին բանակցությունների ավարտին հույս էին հայտնում, որ 2019 թվականին արդեն հնարավոր կլինի բանակցություններ կազմակերպել «5 գումարած 2» ձևաչափի շրջանակում, որին հակամարտող կողմերից բացի մասնակցում են նաև Ռուսաստանը, Ուկրաինան, ԵԱՀԿ-ը, ինչպես նաև Եվրամիությունը և Միացյալ Նահանգները` դիտորդի կարգավիճակով:

Մոլդովայի նախագահի համոզմամբ՝ Մերձդնեստրի հարցով բազմակողմ բանակցությունները հնարավորություն կտան զարգացնել այն հաջողությունները, որ ձեռք են բերվել 2018 թվականին:

«Կարծում եմ, որ տարին ընդհանուր առմամբ բավական հաջողված էր: Կան հստակ արդյունքներ, որոնք զգալի են Դնեստրի երկու ափերի բնակիչների համար: Համոզված եմ, որ մենք հաջորդ տարի ևս պետք է շարժվենք նույն տեմպով: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ 2017 թվականի հունվարին կայացած մեր հանդիպման ժամանակ մենք ութ կետ նախանշեցինք: Դրանցից վեցի մասով արդեն իսկ գործնական քայլեր են կատարվել», - հայտարարում էր Մոլդովայի նախագահը:

Պետք է նկատել, որ Մերձդնեստրի հակամարտությունը հետխորհրդային տարածքի միակ սառեցված կոնֆլիկտն է, որի կողմերը ոչ միայն չեն խուսափում ուղղակի շփումներից, այլև փորձում են մի կողմ դնել առավել խորը տարաձայնություններ առաջացնող հարցերը` կենտրոնանալով շարքային քաղաքացիների ամենօրյա կյանքի վրա ազդող խնդիրների լուծման վրա: Մոլդովայի և Մերձդնեստրի նախագահների բանակցությունների նախորդ փուլերի արդյունքում, օրինակ, վերաբացվել է Դնեստր գետի վրա գտնվող կամուրջներից մեկը, պաշտոնական Քիշնևը ճանաչել է Մերձդնեստրի բուհերում տրված ավարտական վկայագրերը, հստակեցվել է Մերձդնեստրի տարածքում գործող մոլդովական դպրոցների կարգավիճակը, մեկնարկել է նաև Մոլդովայի կողմից Մերձդնեստրում տրված ավտոմոբիլային համարանիշերի ճանաչման գործընթացը:

Դրա հետ մեկտեղ, Մերձդնեստրի իշխանությունները որոշակի մտավախություններ ունեն: Դրանք նախևառաջ կապված են այն հանգամանքի հետ, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում Մոլդովայի նախագահի հետ, որի լիազորությունները խիստ սահմանափակ են:

«Ինձ շատ է հուզում այդ պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Ինչ ասես կարելի է ստորագրել, սակայն կարևորը մեխանիզմն աշխատեցնելն է», - երեկ կայացած բանակցությունների ավարտին հայտարարում էր Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG