Սպիտակ տան ղեկավարին նման հրավերով կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում դիմել է նրա թուրք պաշտոնակից Ռեջեպ Թայիփ Էրդողանը: Այս մասին երկուշաբթի երեկոյան Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը` նշելով, որ հնարավոր այցի ժամկետների շուրջ այժմ քննարկումներ են ընթանում:
Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ Հոգան Գայդլին, սակայն, Քալընի ասուլիսից մի քանի ժամ անց տարածած հայտարարության մեջ նշում էր, որ նախագահ Թրամփը «պատրաստ է ապագայում կայանալիք հնարավոր հանդիպմանը, սակայն այս պահին որևէ հստակ ծրագիր չկա»:
Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահների կիրակնօրյա հեռախոսազրույցը երկու կողմերը բնութագրում են որպես «երկարատև և արդյունավետ»:
Դրա առաջին արդյունքը մոտակա օրերին Անկարայի և Վաշինգտոնի միջև մեկնարկող ռազմաքաղաքական խորհրդակցություններն են լինելու` նվիրված Սիրիայի հյուսիսում տիրող կացությանը և ամերիկյան 2 հազարանոց ստորաբաժանման դուսրբերմանը այդ շրջանից:
«Այս շաբաթ Միացյալ Նահանգներից Թուրքիա կժամանի զինվորական մի պատվիրակություն, որի անդամները իրենց թուրք գործընկերների հետ հենց այդ թեման են քննարկելու: Նախագահներ Էրդողանը և Թրամփը իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էին շուտափույթ կերպով սկսել երկկողմ գործողությունների համակարգմանն ուղղված այս քայլերը», - նշել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Սիրիայի հյուսիսում գործողություններն առժամանակ հետաձգվում են: Դրանց հիմնական թիրախները պետք է լինեին այստեղ տեղակայված քրդական ուժերը, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման մնացորդները:
Անկարայից ստացվող տվյալների համաձայն, թուրքական բանակը, որ Սիրիայի հետ սահմանը պատրաստվում էր հատել արդեն դեկտեմբերի վերջին տասնօրյակում, հարևան պետության տարածքում գործողությունների կարող է դիմել առաջիկա երկու ամիսներին:
«Դա չի նշանակում, որ մենք նահանջում ենք, ընդհատում ենք «Իսլամական պետության» դեմ պայքարը կամ դանդաղեցնում ենք դրա տեմպերը: Ինչպես նախկինում տարբեր վայրերում մենք պայքարել ենք «Իսլամական պետության» տարբեր հատվածների դեմ, հետագայում ևս նույնն ենք անելու», - հայտարարել է Իբրահիմ Քալընը:
Թուրքիայի նախագահի խոսնակի պնդմամբ, ի դեպ, Սիրիայում ստեղծված կացությունը Անկարան պատրաստվում է քննարկել նաև այդ երկրում առանցքային դերակատարություն ունեցող ևս մեկ խաղացողի` Ռուսաստանի հետ․ - «Մենք սկսելու ենք սերտորեն աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք արդեն իսկ Աստանայի գործընթացի շրջանակներում համագործակցում ենք [ռուսների հետ], սակայն իրադարձությունների նոր դինամիկան ստիպում է մեզ համակարգման նոր պրոցես նախաձեռնել Ռուսաստանի հետ»:
Առաջիկա մի քանի օրերին Մոսկվա կուղևորվի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօողլուն: Դատելով Թուրքիայի նախագահի` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարություններից՝ Չավուշօղլուի այցի գլխավոր նպատակը լինելու է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման կազմակերպումը:
«Մեծ է հավանականությունը, որ մենք կհանդիպենք Ռուսաստանի նախագահի հետ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը քննարկելու նպատակով», - հայտարարել է Էրդողանը: