Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե առաջիկայում մտադիր է մեկնել Ռուսաստան և քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված խնդիրները: Այցի ժամկետը դեռ հայտնի չէ:
Նախարարն ասել է, որ «Թուրքիան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են իրականացնել Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզը նախքան ամերիկյան ուժերի դուրսբերումը»:
Չավուշօղլուն ընդգծել է, որ «եթե Ֆրանսիան ցանկանում է պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայում քրդական ահաբեկչական ուժերի [խոսքը «Ժողովրդական ինքնապաշտպանություն» անվամբ քրդական ջոկատների մասին է] պաշտպանության համար, ապա դա շահավետ չի լինի ոչ Ֆրանսիայի, ոչ էլ այդ ուժերի համար»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարել է, թե դուրս է բերում զինված ուժերը Սիրիայից, քանի որ «դրանց առջև դրված հիմնական նպատակն «Իսլամական պետության» ջախջախումն էր, և այն այլևս իրականացվել է»:
Սիրիայում տեղակայված է ավելի քան 2 հազար ամերիկացի զինծառայող: Նրանց դուրսբերումը կտևի երկու-երեք ամիս:
Միաժամանակ, Վաշինգտոնը հայտարարել է, որ դաշնակիցների հետ կշարունակի պայքարն «Իսլամական պետություն» շարժման դեմ:
Միացյալ Նահանգներն «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունները նախաձեռնել է 2014 թվականի հունիսից՝ Իրաքում, և սեպտեմբերից՝ Սիրիայում: