Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) օրերս ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ «Ազատության» հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը տապալելու համար։

Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե ինչպես է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Միքայել Հարությունյանը 2002 թվականից հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

Օգոստոսի 31-ին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հաղորդել էր, որ Ռուսաստանը մերժել է հայկական կողմին հանձնել հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին։ Ըստ «Ինտերֆաքս»-ի, ռուսական կողմը նշել էր, որ 2002-ից Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում:

Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստան դադարեցրել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել էին Հայաստանի ոստիկանությունից՝ նշելով, որ համապատասխան դիմումն արդեն ստացել են Ռուսաստանի իրավապահներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG