Մատչելիության հղումներ

Բաքվում ՌԴ դեսպան․ 2019-ին ղարաբաղյան բանակցությունների համար ավելի բարենպաստ միջավայր կստեղծվի


ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ
ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ

«Հաջորդ տարի ղարաբաղյան բանակցությունների համար ավելի բարենպաստ միջավայր կստեղծվի», - երեկ Բաքվում նման կանխատեսում է արել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

Ռուսաստանցի դիվանագետը նշել է՝ ինքը զգուշավոր լավատեսությամբ է գնահատում կարգավորման գործընթացում նկատվող վերջին միտումները: «Անցնող տարին անարդյունավետ չես որակի, կարգավորման համար հիմք է դրվել, հակամարտության կողմերը հանդիպել են, հունվարին էլ ևս մեկ հանդիպում է նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև», - փաստել է Ռուսաստանի դեսպանը: - «Ռուսաստանը ողջունում է բանակցություններում նկատվող դրական միտումը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել այդօրինակ մթնոլորտի կայացմանը»:

Դեսպանն առավել պերճախոս է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի փոխադարձ հարաբերությունների հարցում, տեղեկացնելով՝ կողմերը համագործակցության ծրագիր են մշակել, որը նախատեսում է՝ ինչպես են զարգացնելու հարաբերությունները մինչև 2024 թվականը: «Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ համատեղ ձեռնարկություններ բացել մեքենայաշինության, նավթարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում», - ասել է Բոչարնիկովը՝ ընդգծելով, որ առաջին հերթին ուշադրության կենտրոնում են մնալու քաղաքական կապերն ու շփումները բարձրագույն ղեկավարության միջև:

«Այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ մեր երկրների միջև ռազմավարական համագործակցությունն ամրապնդվել է, ամենատարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ընդլայնվել է, կառավարությունները միմյանց լավ են հասկանում, մեր նախագահներն էլ հրաշալի հարաբերություններ ունեն», - նշել է նա:

Ի դեպ, երեկ՝ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախ շնորհավորական ուղերձ էր հղել, ապա՝ հեռախոսազանգով շնորհավորել Իլհամ Ալիևին: Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում «երկու նախագահները քննարկել են ռուս-ադրբեջանական օրակարգի մի շարք արդիական հարցեր», առանց հավելյալ մանրամասների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG