Մատչելիության հղումներ

Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերմանը զուգահեռ Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողությունների


Արխիվ -- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրույցում է իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ
Արխիվ -- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրույցում է իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ

Թուրքիան խոստացել է Միացյալ Նահանգների նախագահին աջակցել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, մինչ Վաշինգտոնի մյուս դաշնակիցները շարունակում են քննադատել նախագահ Թրամփի այդ անակնկալ որոշումը:

«Հենց նոր երկարատև և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահի հետ, քննարկեցինք «Իսլամական պետության» խնդիրը, մեր երկկողմ մասնակցությունը Սիրիայում և այնտեղից ամերիկյան զորքերը դանդաղ և համակարգված դուրս բերելու հարցը», - երեկ Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Ժամեր անց Դոնալդ Թրամփը ևս մի գրառում է արել այս թեմայով, այս անգամ արդեն հատուկ գովեստի խոսքեր շռայլելով Թուրքիայի նախագահի հասցեին:

«Էրդողանն ինձ հավաստիացրեց, որ արմատախիլ կանի Սիրիայում այն, ինչ մնացել է «Իսլամական պետությունից»: Նա այն մարդն է, որ կարող է դա անել, բացի այդ, Թուրքիան Սիրիայի հենց կողքն է», - գրել է Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով․ - «Մեր զորքերը տուն են վերադառնում»:

Ամերիկյան զինուժը տասնյակ այլ երկրների հետ Սիրիա էր մտել 2014-ին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու: Եվ չնայած տեղում իրավիճակը դեռ չի կայունացել՝ անցած շաբաթ նախագահ Թրամփը հայտարարեց, թե ահաբեկչական խմբավորումը տապալված է, և ժամանակն է, որ շուրջ 2,000 ամերիկացի զինվորները Սիրիայից տուն վերադառնան: Ընդ որում, պարզվեց, որ Սպիտակ տան ղեկավարն այդ որոշումը կայացրել է՝ չնայած սեփական վարչակազմի ու դաշնակից երկրների դիմակայությանը:

Հենց այդ որոշումից հետո Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը հրաժարականի դիմում ներկայացրեց, մի քանի օր անց էլ պաշտոնից հեռացավ «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը։ Դաշնակից երկրներում ևս քննադատության ալիքը չի մարում:

«Խորապես ցավում եմ նախագահ Թրամփի այդ որոշման համար», - երեկ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ հատուկ ընդգծելով՝ դրանով Վաշինգտոնը լքում է Սիրիայի քրդերին, որոնք տարիներ շարունակ աջակցել են միջազգային կոալիցիային ահաբեկչության դեմ պայքարում, իսկ այսօր մնում են մենակ՝ թուրքական կողմից չդադարող սպառնալիքների առաջ:

«Ֆրանսիան կշարունակի մնալ Սիրիայում, և ես կուզեի այս հարցում հստակ լինել: Մենք չպետք է մոռանանք, որ միջազգային կոալիցիան, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը դրա առաջատար ուժերից է, Սիրիայում իր գործողություններն առաջին իսկ օրից իրականացրել է՝ ունենալով մեկ դաշնակից՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը: Եվ մենք պարտք ունենք այն մարդկանց առջև, որոնք տեղում պայքարել են ահաբեկիչների դեմ, ովքեր տեղում զենք են վերցրել զինալների դեմ, որոնք հրահրում էին ահաբեկչություններ Փարիզում ու այլուր: Այդ մարդիկ Սիրիայի դեմոկրատական ուժերից էին, Սիրիայի քրդերը: Այդ պատճառով, ես կոչ եմ անում բոլորին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին և չմոռանալ այն, ինչ մենք պարտական ենք այդ մարդկանց», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Հենց քրդական ուժերն էին, որ արևմտյան կոալիցիայի հետ համագործակցելով, անցած տարիներին մեկը մյուսի ետևից ազատագրում էին սիրիական խոշորագույն քաղաքներն ու բնակավայրերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Այսօր նրանք վերահսկում են Սիրիայի տարածքի մոտ երեսուն տոկոսը, մեծ մասը՝ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում: Սեփական տարածքում քրդական հարցը չլուծած՝ Անկարան շարունակ պահանջում էր Նահանգներից զինաթափել քրդերին ու հեռացնել իր սահմաններից: Նախագահ Էրդողանը պնդում էր՝ այդ նպատակին հասնելու համար պատրաստ են անգամ ամերիկյան զորքերի հետ դիմակայության մեջ մտնել: Բանը, սակայն, դրան չի հասնի: Ամերիկյան զորքը դուրս բերելու որոշումից անակնկալի եկած՝ քրդական զինված կառույցները փաստել են՝ հիմա ստիպված են պայքարել միանգամից երեքի դեմ՝ «Իսլամական պետության» ահաբեկչների, Սիրիայի կառավարական զորքերի ու թուրքական բանակի:

Ընդ որում, Անկարան ժամանակ չի կորցնում, և այսօր առավոտյան արդեն հավելյալ ուժեր, այդ թվում՝ հաուբիցներ ու հրետանի է ուղարկել դեպի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ ու Ջարաբուլուս: Մանբիջի ռազմական խորհրդի խոսնակը տեղեկացրել է, որ թուրքական ուժերը ժամեր առաջ ժամանել ու դիրքավորվել են քաղաքի մատույցներում:

«Մենք հիմա անհրաժեշտ միջոցառումներ ենք ձեռնարկում, որպեսզի թուրքերի հարձակման դեպքում անցնենք պաշտպանության», - ասել է քրդական զինվորական կառույցի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG