ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը պաշտոնից կազատվի ոչ թե 2019-ի փետրվարի վերջին, ինչպես նախապես էր ծրագրված, այլ հենց հունվարի 1-ից:
Թրամփին շատ է զայրացրել այն փաստը, որ Մատիսի հրաժարականի դիմումն այդքան մեծ արձագանք է ստացել և դիտվում է որպես Սպիտակ տան արտաքին և կադրային քաղաքականության հերթական ձախողում:
Ջիմ Մատիսը քննադատել է Թրամփի քաղաքականությունը Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցներ Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ և անհամաձայնություն է հայտնել Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումները դուրս հանելու որոշման կապակցությամբ:
Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Մատիսին փոխարինում է պաշտպանության փոխնախարար Փաթրիկ Շանահանը:
Թրամփը Թվիթերում գրել է, որ Boeing ընկերության նախկին գործադիր տնօրեն Շանահանը «շատ տաղանդավոր ղեկավար է»:
Մինչդեռ ամերիկացի քաղաքական գործիչները շարունակում են ափսոսանք հայտնել Ջիմ Մատիսի հեռանալու կապակցությամբ: Դեմոկրատական սենատոր Դիք Ռուբինն ասել է, թե ինչ է փոխանցել Մատիսին մասնավոր զրույցում, երբ տեղեկացել է նրա հրաժարականի դիմումի մասին:
«Մեզ շատ է պետք Ձեր հասուն ձայնը, Ձեր հայրենասիրությունը, Ձեր ներկա լինելն այն սրահում, որտեղ նախագահը կայացնում է ազգային անվտանգության համար կենսական որոշումներ: Բայց Մատիսի համբերությունը հասել էր մի կրիտիկական կետի: Ես երախտագիտությունս եմ հայտնում նրան ծովային հետևակում երկարատև ծառայության և, իհարկե, Պենտագոնը ղեկավարելու համար: Ինձ ցավ է պատճառում նրա հեռանալը, նախագահի առավել վատթար մղումները զսպելու հարցում մենք հույս էինք կապում է Մատիսի հետ», - ասել է սենատորը:
Հանրապետական սենատոր Փաթ Թումին խոստովանել է, որ որպես կանոն ինքը պաշտպանում է նախագահների կադրային որոշումները, այդպիսի վերաբերվունք ուներ նաև դեմոկրատական Բարաք Օբամայի նախագահության որոք:
«Բայց այս մի պաշտոնն այնքա՛ն կարևոր է, և նախագահի մոտեցումներն այնքա՛ն են տարբերվում իմ ընկալումից, որ չեմ կարծում, թե հաստատումը դյուրին կլինի: Իմ համոզմամբ, մեզ պետք է պաշտպանության նախարար, ով ունի աշխարհոում Ամերիկայի դերակատարության մասին ավելի ավանդական պատկերացում», - ասել է հանրապետական սենատորը:
Ջիմ Մատիսի համոզմամբ, Վաշինգտոնը պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Պեկինի և Մոսկվայի նկատմամբ, չպետք է հեռացնի բանակը Սիրիայից, որտեղ ռուսները, թուրքերն ու իրանցիներն օրըստօրե ամրապնդում են դիրքերը և որտեղ բնավ չի ավարտվել պայքարն «իսլամական պետության» դեմ:
Ավելին, Մատիսը դեմ է նաև Աֆղանստանում այս փուլում ամերիկյան ուժերը կրճատելու նախագահի մտադրությանը:
Փաթրիք Շանահանը քաղաքացիական ծառայող է, նա երկար ժամանակ եղել է Boeing ընկերության բարձրաստիճան ղեկավար և, մասնավորապես, կարգավորել է Boeing 787 օդանավը ստեղծելու թանկարժեք ծրագիրը:
«Փաթրիքը շատ արժանի կենսագրություն ունի Boeing-ում և Պենտագոնում, նա փայլուն ղեկավար կլինի», - Թվիթերում գրել է նախագահը:
Շանահանը 2017-ի ամռանն է տեղափոխվել Պենտագոն: Նա կհաստատվի նախարարի պաշտոնում միայն Սենատի հավանությունը ստանալու դեպքում, իսկ մինչ այդ կունենա նախարարի պաշտոնակատարի կարգավիճակ: