Թուրքիան համագործակցում է այլ պետությունների հետ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի) սպանության հետաքննությունը ՄԱԿ-ի կառույցներ տեղափոխելու նպատակով: Այդ մասին այսօր Թունիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանություններին Հաշոգիի սպանության առթիվ թագավորության դատախազության կողմից հարուցված քրեական գործի նյութերը փոխանցել միջազգային հանրության ներկայացուցիչներին:
Հայտնի լրագրողը հոկտեմբերի 2-ին մտել է իր երկրի հյուպատոսարան ինչից հետո անհետացել է: Միջազգային, այդ թվում՝ թուրքական որոշ աղբյուրների տվյալներով՝ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից:
Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունն իրականացնելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք: Էր-Ռիյադը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: