Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկոն վաղը կմեկնի Մոսկվա


Բելառուսի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում, արխիվ
Բելառուսի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին կմեկնի Ռուսաստան։

Մոսկվայում նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Բանակցությունները լինելու են ընդլայնված ձևաչափով և դրանց մասնակցելու են նաև երկու երկրների կառավարությունների անդամները, հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտնել էր, որ բանակցությունների հիմնական թեման նավթի հարցում Ռուսաստանի նախաձեռնած նոր հարկային փոփոխություններին են, որոնք ենթադրում են, որ արդեն 2019-ին Բելառուսը կարող է կորցնել շուրջ 380 միլիոն դոլար։

Հիշեցնենք՝ Ռուսական նավթի վերավաճառքից ստացված եկամուտը բելառուսական բյուջեի մի զգալի մասն է կազմում։ Լուկաշենկոն պահանջում է, որ Ռուսաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, փոխհատուցի այդ վնասը, ռուսական կողմն էլ, ի դեմս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, հիշեցնում է, որ Բելառուսն ու Ռուսաստանը միասնական պետության մասին պայմանագիր ունեն կնքած և եթե Բելառուսն ուզում է ավելի հարմար պայմաններ ունենալ, պետք է համաձայնի ավելի խորը ինտեգրման, ինչը նախատեսված է այդ պայմանագրով։

Անցած շաբաթ Ռուսաստանում վերլուծաբաններն ակտիվորեն քննարկում էին, որ Մոսկվան կարող է ճնշումներ սկսել Մինսկի նկատմամբ, ինչը կսպառնա Բելառուսի ինքնիշխանությանը։ Այդ մասին նախօրեին նաև Լուկաշենկոն էր խոսում։ Բելառուսական բյուջեն այսօր լուրջ խնդիրներ ունի և առանց Ռուսաստանի օգնության դժվար կլինի հաղթահարել այդ խնդիրները։

Առաջին անգամը չէ, որ երկու երկրների իշխանությունների միջև լարվում են հարաբերությունները, սովորաբար Մոսկվան զիջում է, երբ Մինսկը նոր վարկ է ստանում։ Ամեն դեպքում Բելառուսն այսօր Ռուսաստանի, կարելի է ասել, միակ դաշնակիցն է Եվրոպայում։

Պուտին-Լուկաշենկո հանդիպմանը հնարավոր է նաև քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես, որ այս շաբաթ նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս ստորագրեց Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, ըստ որի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից: Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ հետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո:

Երևանը պնդում է, որ Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, քանի որ ռոտացիոն սկզբունքով Հայաստանը ՀԱՊԿ-ը նախագահելու է մինչև 2020 թվականը:

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ասել էր, որ «Գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի ՀԱՊԿ-ի նիստում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG