Մատչելիության հղումներ

Պատրիկ Շանահանը հունվարի 1-ից կլինի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար. Թրամփ


Դոնալդ Թրամփ, Պատրիկ Շանահան, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է պաշտպանության նախարարի նոր պաշտոնակատար նշանակելու մասին։

«Ուրախ եմ հայտնելու, որ Պենտագոնի ղեկավարի տեղակալ, մեր շատ տաղանդավոր Պատրիկ Շանահանը 2019-ի հունվարի 1-ից կլինի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար», - կիրակի օրը Թվիթերում գրել է Թրամփը՝ հավելելով. - «Պատրիկը շատ հաջողությունների է հասել ինչպես պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, այնպես էլ նախկինում «Բոինգ» ընկերությունում»։

Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Պատրիկ Շանահանը «Բոինգ»-ում աշխատել է 1986 թվականից։ Նա զբաղվել է քաղաքացիական և ռազմական ծրագրերով, եղել է «Բոինգ» ընկերության փոխնախագահը, ապա գործադիր տնօրենը, 2017 թվականին ԱՄՆ Սենատը նրան հաստատել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսն օրերս հայտարարեց իր հրաժարականի մասին՝ հնշելով, որ համաձայն չէ Դոնալդ Թրամփի մի շարք որոշումների հետ։

Նա նշել էր, որ նախագահն իրավունք ունի Պենտագոնի ղեկավար նշանակել որևէ մեկին, ում հայացքներն ավելի լավ են համընկնում նախագահի հայացքների հետ։

Նախատեսվում էր, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնից Ջեյմս Մատիսը կհեռանա գալիք փետրվարին, բայց Թրամփը հիմա է հեռացնում նրան՝ Պատրիկ Շանահանին նշանակելով պաշտպանության նախարարի պաշտոնակատար։

Լրատվամիջոցները նշում են, որ Թրամփը զայրացրել է Մատիսի վրա, ով քննադատել էր իր արտաքին քաղաքականությունը։

Մատիսն իր հրաժարականի մասին հայտնեց ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու՝ Թրամփի որոշումից հետո։

Անցած շաբաթ օրը CBS հեռուստաընկերությունը հաղորդեց, որ հրաժարական է տալիս նաև «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը։ Ամերիկյան 2-հազարանոց զորախումբը տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում հիմնականում քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանում։

Զորքերը դուրս բերելու Թրամփի հայտարարությունից ժամեր անց թուրքական լրատվամիջոցները տեսանյութեր էին տարածում՝ ցույց տալով, որ ամերիկյան զինվորական բեռնատարները շարժվում են Իրաքի ուղղությամբ՝ դուրս հանելով ամերիկյան զենքերն ու սպառազինությունները։

Սիրիայից դուրս գալուց բացի ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփը պլանավորում է կրկնակի կրճատել Աֆղանստանում գտնվող ամերիկյան 14-հազարանոց զորքը՝ նշելով, որ սա ևս կարող էր տարաձայնությունների պատճառ դառնալ Մատիսի հետ։

Թրամփը թվիթերյան մեկ այլ գրառումով նաև տեղեկացրել է, որ կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելով ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցը։

«Երկար և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, քննարկեցինք «Իսլամական պետության» խնդիրը, մեր երկկողմ մասնակցությունը Սիրիայում և այնտեղից ամերիկյան զորքերը դանդաղ և համակարգված դուրս բերելու հարցը։ Շատ տարիներ անց նրանք տուն կվերադառնան», - նշել է Թրամփը հավելելով, որ Էրդողանի հետ քննարկել են նաև առևտրային հարցեր։

Դեկտեմբերի 19-ին Թվիթերում տեղադրված տեսաուղերձով Թրամփն ասել էր, թե հաղթել են «Իսլամական պետության» խմբավորումներին, «Իսլամական պետությունը» պարտված է և ժամանակն է, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն, զինվորները վերադառնան տուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG