«Ուրալկալի» ռուսական հանքարդյունաբերական ընկերության մամուլի ծառայությունը չի հաստատել վթարի հետևանքով ինը մարդու մահվան մասին տեղական մամուլի լուրերը: Մամուլի ծառայությունը ասել է, որ վթարի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են:
«Իրավիճակը դրամատիկ է: Չի հաջողվել հասնել հանքում մնացած ինը շինարարներին: Չենք կարող հաստատել նրանց մարմինները գտնելու փաստը, բայց նրանց կենդանի տեսնելու հավանականությունը շատ փոքր է», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել է ընկերության ներկայացուցիչը:
Այսօր վթար է տեղի ունեցել «Ուրալկալի» ընկերության «Սոլիկամսկ-3» հանքավայրում կառուցվող 4-րդ հորատանցքում: Վթարի պահին ստորգետնյա հատվածում 17 մարդ է գտնվել, նրանցից ութին հաջողվել է դուրս բերել, մնացածների ճակատագիրը դեռ անհայտ է: